Հոդված 5
Հոդված 5
Արտադրական գործընթացներ, որոնցում օգտագործվում են սնդիկ կամ սնդիկի միացություններ
1. Սույն հոդվածի և B Հավելվածի նպատակներից ելնելով` այն արտադրական գործընթացները, որոնցում օգտագործվում են սնդիկ կամ սնդիկի միացություններ, չեն ներառում այն գործընթացները, որոնցում օգտագործվում է սնդիկի հավելիչներով արտադրանք, գործընթացներ սնդիկի հավելիչներով արտադրանքի արտադրության համար կամ գործընթացներ, որոնք ուղղված են սնդիկ պարունակող թափոնների մշակմանը:
2. Յուրաքանչյուր Կողմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու միջոցով չի թույլատրում սնդիկի կամ սնդիկի միացությունների օգտագործումը B Հավելվածի I մասում թվարկված արտադրական գործընթացներում այդ Հավելվածում առանձին գործընթացների համար նշված՝ դադարեցման ժամկետից հետո, եթե միայն Կողմը չունի գրանցված բացառություն` համաձայն 6-րդ հոդվածի:
3. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի միջոցներ` սահմանափակելու համար սնդիկի կամ սնդիկի հավելիչների օգտագործումը՝ B Հավելվածի II մասում թվարկված արտադրական գործընթացներում` դրա դրույթներին համապատասխան:
4. Քարտուղարությունը Կողմերի տրամադրած տեղեկության հիման վրա հավաքում և պահում է տեղեկություն այն գործընթացների մասին, որոնք օգտագործում են սնդիկ կամ սնդիկի միացություններ և դրանց այլընտրանք, և հանրության համար մատչելի է դարձնում այդ տեղեկությունը: Կողմերը կարող են ներկայացնել նաև այլ վերաբերելի տեղեկություն, ինչը ևս պետք է հանրության համար մատչելի դարձվի Քարտուղարության կողմից:
5. Յուրաքանչյուր Կողմ, որն ունի արդյունաբերություն, որտեղ B Հավելվածում թվարկված արտադրական գործընթացներում օգտագործվում է սնդիկ կամ սնդիկի միացություն, պետք է.
(a) ձեռնարկի միջոցներ` լուծելու համար այդ արդյունաբերության սնդիկի կամ սնդիկի միացությունների թափոնների և արտանետումների հարցը,
(b) 21-րդ հոդվածի համաձայն ներկայացված իր հաշվետվություններում ներառի տեղեկություն սույն կետի համաձայն ձեռնարկված միջոցառումների մասին,
(c) ջանա իր տարածքում բացահայտել այն արդյունաբերությունները, որտեղ B Հավելվածում թվարկված գործընթացների համար օգտագործվում է սնդիկ կամ սնդիկի միացություններ, և սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 3 տարվա ընթացքում Քարտուղարություն ներկայացնի տեղեկություն նման արդյունաբերությունների թվի և տեսակների, ինչպես նաև այդ արդյունաբերություններում օգտագործվող սնդիկի կամ սնդիկի միացությունների տարեկան գնահատվող քանակի մասին: Քարտուղարությունն այդ տեղեկությունը հրապարակում է:
6. Ոչ մի Կողմ չի թույլատրում սնդիկի կամ սնդիկի միացությունների օգտագործումը այնպիսի արդյունաբերության մեջ, որը չի եղել նախքան սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելը՝ օգտագործելով B Հավելվածում թվարկված արտադրական գործընթացները: Այդ արդյունաբերություններում բացառությունները կիրառելի չեն:
7. Ոչ մի Կողմ չի խրախուսում որևէ արդյունաբերության զարգացում, որում կօգտագործվեն այլ արտադրական գործընթացներ սնդիկի կամ սնդիկի միացությունների դիտավորյալ կիրառությամբ, որոնք չեն եղել սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ Կողմը կարող է Կողմերի խորհրդաժողովին համոզիչ կերպով ցույց տալ, որ արտադրական գործընթացն առաջարկում է նշանակալի առավելություններ շրջակա միջավայրի և մարդու առողջության համար, և որ չկան տեխնիկապես և տնտեսապես իրագործելի՝ սնդիկ չպարունակող առկա այլընտրանք, որոնք նման առավելություններ են առաջարկում:
8. Կողմերը խրախուսվում են փոխանակել տեղեկություն համապատասխան նոր տեխնոլոգիական զարգացումների, սնդիկ չպարունակող՝ տնտեսապես և տեխնիկապես իրագործելի այլընտրանքի, ինչպես նաև այնպիսի հնարավոր միջոցառումների և մեթոդների մասին, որոնք թույլ են տալիս կրճատելու և հնարավորության դեպքում նաև վերացնելու սնդիկի և սնդիկ պարունակող միացությունների օգտագործումը և սնդիկի ու սնդիկ պարունակող արտանետումները և արտազատումները B Հավելվածում թվարկված արտադրական գործընթացներում:
9. Յուրաքանչյուր Կողմ կարող է առաջարկություն ներկայացնել B Հավելվածում փոփոխություններ կատարելու վերաբերյալ` դրանում այնպիսի արտադրական գործընթաց ներառելու համար, որում օգտագործվում է սնդիկ կամ սնդիկի միացություն: Այն պետք է պարունակի տեղեկություն գործընթացի` սնդիկ չպարունակող այլընտրանքի մատչելիության, տեխնիկական և տնտեսական իրագործելիության, ինչպես նաև շրջակա միջավայրի և մարդու առողջության համար ունեցած ռիսկերի և առավելությունների վերաբերյալ:
10. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան հինգ տարի հետո Կողմերի խորհրդաժողովը կվերանայի B Հավելվածը և կարող է դիտարկել դրանում փոփոխություններ կատարելու հարցը` համաձայն 27-րդ հոդվածի:
11. 10-րդ կետի համաձայն իրականացվող B Հավելվածի ցանկացած վերանայման պարագայում Կողմերի խորհրդաժողովը հաշվի է առնում առնվազն հետևյալը.
(a) 9-րդ կետի համաձայն ներկայացված ցանկացած առաջարկություն,
(b) 4-րդ կետի համաձայն՝ մատչելի տեղեկությունը և
(c) Կողմերի համար սնդիկ չպարունակող այնպիսի այլընտրանքի առկայությունը, որը տեխնիկապես և տնտեսապես իրագործելի է` հաշվի առնելով ռիսկերը և առավելությունները մարդու առողջության և շրջակա միջավայրի համար: