Հոդված 2
Հոդված 2
Սահմանումներ
Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով՝
(a) «ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանություն» նշանակում է՝ ոսկու հանքահանություն, որն իրականացվում է առանձին հանքարդյունահանողների կամ փոքր ձեռներեցների կողմից սահմանափակ կապիտալ ներդրումներով և արտադրության ծավալներով,
(b) «առկա լավագույն մեթոդներ» նշանակում է՝ այն մեթոդները, որոնք ամենաարդյունավետն են կանխարգելելու և, երբ դա հնարավոր չէ, նվազեցնելու համար սնդիկի արտանետումներն ու արտազատումները օդի, ջրի և հողի մեջ և նման արտանետումների ու արտազատումների ազդեցությունը ընդհանուր առմամբ շրջակա միջավայրի վրա` հաշվի առնելով տվյալ Կողմի կամ այդ Կողմի տարածքում գտնվող տվյալ օբյեկտի տնտեսական և տեխնիկական դիտարկումները: Այս համատեքստում.
i. «լավագույն» նշանակում է՝ առավել արդյունավետ՝ ընդհանուր առմամբ ամբողջ շրջակա միջավայրի ընդհանուր բարձր մակարդակի պաշտպանության համար,
ii. «առկա» նշանակում է՝ տվյալ Կողմի և այդ Կողմի տարածքում գտնվող տվյալ օբյեկտի նկատմամբ մեթոդներ, որոնք մշակված մասշտաբային այն մեթոդներն են, որոնք թույլ են տալիս կիրարկումը տվյալ արդյունաբերական հատվածում տնտեսապես և տեխնիկապես կենսունակ պայմաններում` հաշվի առնելով ծախսերը և առավելությունները` անկախ այն հանգամանքից, թե արդյո՞ք այդ մեթոդները կիրառվել կամ մշակվել են տվյալ Կողմի տարածքում՝ պայմանով, որ դրանք մատչելի են տվյալ արդյունաբերության օպերատորի համար, ինչպես կորոշի տվյալ Կողմը, և
iii. «մեթոդներ» նշանակում է՝ կիրառվող տեխնոլոգիաներ, գործառական կարգեր և այն եղանակներ, որոնցով նախագծվում, կառուցվում, պահպանվում, գործում և ապամոնտաժվում են կայանքները,
(c) «լավագույն բնապահպանական գործելակարգեր» նշանակում է՝ բնապահպանական հսկողության միջոցառումների և ռազմավարությունների առավել համապատասխան համակցություն,
(d) «սնդիկ» նշանակում է՝ սնդիկ տարր (Hg(0), CAS No. 7439-97-6),
(e) «սնդիկի համակցություն» նշանակում է՝ ցանկացած նյութ` բաղկացած սնդիկի ատոմներից և այլ քիմիական տարրերի մեկ կամ ավել ատոմներից, որոնք կարելի է բաժանել տարբեր բաղադրիչների միայն քիմիական ռեակցիաների միջոցով,
(f) «սնդիկի հավելիչներով արտադրանք» նշանակում է՝ արտադրանք կամ արտադրանքի բաղադրիչ, որը պարունակում է սնդիկ կամ սնդիկի համակցություն, որն ավելացվել է դիտավորյալ,
(g) «Կողմ» նշանակում է՝ պետություն կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն, որը համաձայնել է, որ սույն Կոնվենցիան իր համար պարտադիր ուժ ունենա և որի համար Կոնվենցիան ուժի մեջ է,
(h) «ներկա և քվեարկող Կողմեր» նշանակում է՝ Կողմեր, որոնք Կողմերի հանդիպմանը ներկա են և քվեարկում են կողմ կամ դեմ,
(i) «սնդիկի առաջնային հանքարդյունաբերություն» նշանակում է՝ հանքարդյունաբերություն, որտեղ փնտրվող հիմնական նյութը սնդիկն է,
(j) «տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն» նշանակում է՝ կազմակերպություն, որը ձևավորվել է տվյալ տարածաշրջանի սուվերեն պետությունների կողմից, որին դրա անդամ պետությունները փոխանցել են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերում իրենց իրավասությունները, և որը պատշաճ կարգով լիազորված է, համաձայն իր ներքին ընթացակարգերի, ստորագրելու, վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ միանալու սույն Կոնվենցիային, և
(k) «կիրառությունը թույլատրելի է» նշանակում է՝ սույն Կոնվենցիայի համաձայն՝ սնդիկի կամ սնդիկի միացությունների ցանկացած կիրառություն Կողմի կողմից՝ ներառյալ, սակայն չսահմանափակելով 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների համաձայն կիրառությունը: