Հոդված 23
Հոդված 23
Կողմերի խորհրդաժողովը
1. Սույնով հիմնադրվում է Կողմերի խորհրդաժողով:
2. Կողմերի խորհրդաժողովի առաջին հանդիպումը հրավիրում է Միավորված ազգերի կազմակերպության բնապահպանական ծրագրի գործադիր տնօրենը՝ ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Դրանից հետո Կողմերի խորհրդաժողովի հերթական հանդիպումները տեղի են ունենում Խորհրդաժողովի որոշած կանոնավոր պարբերականությամբ:
3. Կողմերի խորհրդաժողովի արտահերթ հանդիպումները տեղի են ունենում ցանկացած այլ ժամանակ, երբ դա անհրաժեշտ է համարում Խորհրդաժողովը, կամ որևէ Կողմի գրավոր խնդրանքով` պայմանով, որ Քարտուղարության կողմից խնդրանքը Կողմերին փոխանցվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, դրան աջակցում է Կողմերի առնվազն մեկ երրորդը:
4. Կողմերի խորհրդաժողովը իր առաջին հանդիպման ժամանակ կոնսենսուսով համաձայնեցնում և ընդունում է իր և իր ցանկացած օժանդակ մարմնի կանոնակարգը և ֆինանսական կանոնները, ինչպես նաև Քարտուղարության գործունեության կառավարման ֆինանսական դրույթները:
5. Կողմերի խորհրդաժողովը շարունակական դիտարկման տակ է պահում և գնահատում է սույն Կոնվենցիայի կիրարկումը: Նա իրագործում է սույն Կոնվենցիայով իրեն վերապահված գործառույթները և այդ նպատակով.
(a) ձևավորում է այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ է համարում Կոնվենցիայի կատարման համար,
(b) համագործակցում է, ըստ անհրաժեշտության, իրավասու միջազգային կազմակերպությունների և միջկառավարական ու հասարակական մարմինների հետ,
(c) պարբերաբար դիտարկում է իրեն և Քարտուղարությանը 21-րդ հոդվածի համաձայն տրամադրված ողջ տեղեկատվությունը,
(d) քննության է առնում Իրականացման և համապատասխանության կոմիտեի կողմից իրեն ներկայացված առաջարկությունները,
(e) քննության է առնում և ձեռնարկում այլ լրացուցիչ գործողություններ, երբ դա պահանջվում է սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար, և
(f) վերանայում է A և B հավելվածները` 4-րդ և 5-րդ հոդվածների համաձայն:
6. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա մասնագիտացված գործակալությունները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ինչպես նաև սույն Կոնվենցիայի Կողմ չհանդիսացող ցանկացած պետություն կարող են դիտորդի կարգավիճակով մասնակցել Կողմերի խորհրդաժողովի հանդիպումներին: Ցանկացած մարմին կամ գործակալություն` ազգային կամ միջազգային, կառավարական կամ հասարակական, որը որակավորված է սույն Կոնվենցիայի առարկա հանդիսացող հարցերի ոլորտում և տեղեկացրել է Քարտուղարությանը Կողմերի խորհրդաժողովին դիտորդի կարգավիճակով ներկայացված լինելու իր ցանկության մասին, կարող է ընդունվել, եթե Կողմերի մեկ երրորդը առարկություն չի ներկայացնում: Դիտորդների ընդունումն ու մասնակցությունը ենթակա են կարգավորման Կողմերի խորհրդաժողովի ընդունած կանոնակարգով: