Հոդված 27
Հոդված 27
Հավելվածների ընդունումն ու փոփոխումը
1. Սույն Կոնվենցիայի հավելվածները կազմում են դրա բաղկացուցիչ մասը, և եթե բացահայտորեն այլ բան չի նախատեսվում, հղումը սույն Կոնվենցիային նշանակում է միաժամանակ հղում նաև Կոնվենցիայի ցանկացած հավելվածին:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո ընդունված ցանկացած լրացուցիչ հավելված կսահմանափակվի ընթացակարգային, գիտական, տեխնիկական կամ վարչական հարցերով:
3. Սույն Կոնվենցիայի լրացուցիչ հավելվածների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու համար կկիրառվի հետևյալ ընթացակարգը.
(a) լրացուցիչ հավելվածները կառաջարկվեն և կընդունվեն 26-րդ հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված ընթացակարգով,
(b) ցանկացած Կողմ, որը չի կարող ընդունել լրացուցիչ հավելվածը, այդ մասին գրավոր ծանուցում է ավանդապահին հավելվածի ընդունման մասին ավանդապահի կողմից հաղորդվելուց հետո մեկ տարվա ընթացքում: Ավանդապահն անհապաղ ծանուցում է բոլոր Կողմերին ստացված այդպիսի ցանկացած ծանուցման մասին: Կողմը կարող է ցանկացած ժամանակ գրավոր ծանուցել ավանդապահին, որ չեղարկում է լրացուցիչ հավելվածը չընդունելու մասին նախկին ծանուցումը, և այդ հավելվածը Կողմի համար ուժի մեջ է մտնում համաձայն «գ» ենթակետի, և
(c) լրացուցիչ հավելվածի ընդունման մասին ավանդապահի կողմից ծանուցվելուց մեկ տարի հետո հավելվածն ուժի մեջ է մտնում բոլոր այն Կողմերի համար, որոնք ծանուցում չեն ներկայացրել այն չընդունելու մասին` համաձայն «բ» կետի դրույթների:
4. Սույն Կոնվենցիայի հավելվածներում փոփոխությունների առաջարկումը, ընդունումը և ուժի մեջ մտնելը կատարվում են այն նույն ընթացակարգով, որով կատարվում են սույն Կոնվենցիայի լրացուցիչ հավելվածների առաջարկումը, ընդունումը և ուժի մեջ մտնելը՝ բացառությամբ այն դեպքի, երբ հավելվածում փոփոխությունն ուժի մեջ չի մտնում որևէ Կողմի համար, որը հայտարարություն է արել հավելվածների փոփոխությունների առնչությամբ` համաձայն 30-րդ հոդվածի 5-րդ կետի, ինչի պարագայում ցանկացած նման փոփոխություն ուժի մեջ է մտնում այդ Կողմի համար վերջինիս կողմից այդ փոփոխության վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը:
5. Եթե լրացուցիչ հավելվածը կամ հավելվածում փոփոխությունն առնչվում է սույն Կոնվենցիայի փոփոխությանը, լրացուցիչ հավելվածը կամ փոփոխությունն ուժի մեջ չեն մտնում այնքան ժամանակ, քանի դեռ ուժի մեջ չի մտել Կոնվենցիայի փոփոխությունը: