Հոդված 9
Հոդված 9
Արտազատումներ
1. Սույն հոդվածը վերաբերում է սնդիկի և սնդիկի միացությունների, որոնք սովորաբար կոչվում են «ամբողջական սնդիկ» սույն Կոնվենցիայի այլ դրույթներով չկարգավորվող համապատասխան սկզբնաղբյուրներից հողի ու ջրի մեջ արտազատումների վերահսկողությանը և, երբ իրագործելի է, կրճատմանը:
2. Սույն հոդվածի նպատակներից ելնելով՝
(a) «արտազատումներ» նշանակում է՝ սնդիկի և սնդիկի միացությունների արտազատումներ հողի ու ջրի մեջ,
(b) «համապատասխան աղբյուր» նշանակում է՝ արտազատման ցանկացած նշանակալի անթրոպոգեն սկզբնաղբյուր՝ բացահայտված Կողմի կողմից, որը չի կարգավորվում սույն Կոնվենցիայի այլ դրույթներով,
(c) «նոր աղբյուր» նշանակում է՝ ցանկացած համապատասխան աղբյուր, որի կառուցումը կամ էական ձևափոխումը սկսվում է տվյալ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվից առնվազն մեկ տարի հետո,
(d) «էական ձևափոխում» նշանակում է՝ համապատասխան աղբյուրի ձևափոխում, ինչի հետևանքով զգալիորեն մեծանում են արտազատումները, բացառությամբ օժանդակ արտադրանքի ստացման արդյունքում արտազատումների ցանկացած փոփոխության: Կողմը պետք է որոշի՝ արդյո՞ք ձևափոխումն զգալի է, թե ոչ,
(e) «առկա աղբյուր» նշանակում է՝ ցանկացած համապատասխան աղբյուր, որը նոր աղբյուր չէ,
(f) «արտազատումների սահմանաչափ» նշանակում է՝ սկզբնաղբյուրից արտազատվող սնդիկի կամ սնդիկի միացությունների, որոնք սովորաբար կոչվում են «ամբողջական սնդիկ», խտության կամ զանգվածի սահմանային չափ:
3. Յուրաքանչյուր Կողմ պետք է իր համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ամսաթվից ոչ ուշ, քան երեք տարի հետո և կանոնավոր հիմունքներով նշի համապատասխան սկզբնաղբյուրների դասերը:
4. Համապատասխան աղբյուրներ ունեցող Կողմը ձեռնարկում է միջոցներ արտազատումները վերահսկելու համար և կարող է մշակել ազգային ծրագիր, որով կնախատեսվեն արտազատումների վերահսկողության համար ձեռնարկվելիք միջոցները և դրանց ակնկալվող թիրախները, նպատակները և արդյունքները: Ցանկացած ազգային ծրագիր ներկայացվում է Կողմերի խորհրդաժողովին այդ Կողմի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո չորս տարվա ընթացքում: Եթե Կողմը, 20-րդ հոդվածի համաձայն, մշակում է Իրականացման ծրագիր, ապա կարող է դրանում ներառել սույն կետին համապատասխան մշակված ծրագիրը:
5. Միջոցառումները պետք է ներառեն հետևյալներից մեկը կամ մի քանիսը` ըստ անհրաժեշտության.
(a) արտազատումների սահմանաչափը համապատասխան աղբյուրներից արտազատումները վերահսկելու և, երբ իրագործելի է, կրճատելու համար,
(b) համապատասխան աղբյուրներից արտազատումները վերահսկելու լավագույն մեթոդների և լավագույն բնապահպանական գործելակարգերի օգտագործումը,
(c) բազմակի աղտոտիչները վերահսկելու ռազմավարություն, որը կունենա հարակից առավելություններ սնդիկի արտազատումների վերահսկողության համար,
(d) այլընտրանքային միջոցառումներ` կրճատելու համար համապատասխան աղբյուրներից արտազատումները:
6. Կողմերից յուրաքանչյուրը գործնականում հնարավոր լինելուն պես և ոչ ուշ, քան իր համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամսաթվից հինգ տարի հետո կազմում և հետագայում վարում է համապատասխան աղբյուրներից արտազատումների գույքացանկ:
7. Կողմերի խորհրդաժողովը գործնականում հնարավոր լինելուն պես պետք է ընդունի ուղեցույց հետևյալի վերաբերյալ.
(a) առկա լավագույն մեթոդները և լավագույն բնապահպանական գործելակարգերը` հաշվի առնելով բոլոր տարբերությունները նոր և առկա աղբյուրների միջև և տարբեր միջավայրերի միջև ազդեցությունները նվազեցնելու անհրաժեշտությունը,
(b) արտազատումների գույքացանկի պատրաստման մեթոդաբանություն:
8. Յուրաքանչյուր Կողմ 21-րդ հոդվածի համաձայն ներկայացված իր զեկույցներում ներառում է տեղեկություններ իր կողմից սույն հոդվածի կիրարկման վերաբերյալ, մասնավորապես` տեղեկություններ այն միջոցների մասին, որոնք ձեռնարկել է 3-6-րդ կետերի համաձայն, և այդ միջոցառումների արդյունավետության մասին: