Հոդված 10
Հոդված 10
Շահաբաժինները
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:
2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժիններ վճարող ընկերությունը, և այդ պետության օրենքներին համապատասխան, սակայն եթե շահաբաժինների՝ շահույթ ստացող սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի՝
ա) շահաբաժինների համախառն գումարի 0 տոկոսը, եթե շահաբաժինների՝ շահույթ ստացող սեփականատերը՝
i) ընկերություն է, որն ուղղակիորեն տնօրինում է շահաբաժինները վճարող ընկերության կապիտալի առնվազն 25 տոկոսը, կամ
ii) ընկերություն է, որն առնվազն 300 000 ԱՄՆ դոլար (կամ ցանկացած այլ փոխարժեքով համարժեք գումար) է ներդրել շահաբաժինները վճարող ընկերության կանոնադրական կապիտալում.
բ) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը՝ մյուս բոլոր դեպքերում:
Սույն կետի դրույթները չեն ազդում ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:
3. Չնայած 2-րդ կետի դրույթներին՝ մի Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության կառավարությանը վճարվող շահաբաժիններն ազատվում են հարկումից նշված առաջին Պայմանավորվող պետությունում: «Կառավարություն» եզրույթը նշանակում է՝
ա) Սինգապուրի դեպքում՝ Սինգապուրի Հանրապետության կառավարությունը, և նաև ներառում է՝
i) Կենտրոնական բանկը (Սինգապուրի դրամավարկային մարմին) և բացառապես իրեն պատկանող (ուղղակի կամ անուղղակի) դուստր ձեռնարկությունները.
ii) օրենքով սահմանված մարմին, և
iii) մարմիններ, այդ թվում՝ ներդրումային հատուկ հիմնադրամները կամ կազմավորումները, որոնք բացառապես պատկանում են Սինգապուրի Հանրապետության կառավարությանը (ուղղակի կամ անուղղակի) և ստեղծվել են ներդրումներ կատարելու և կառավարելու Սինգապուրի Հանրապետության կառավարության ակտիվները, և որոնց դեպքում վճարված շահաբաժիններն առնչվում են այդ ակտիվներին: Կասկածներից զերծ մնալու համար այն ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալով՝ «ԶիԱյՍի» [GIC] սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «ԶիԱյՍի (Անշարժ գույք)» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «ԶիԱյՍի (Ձեռնարկություններ)» ՍՊԸ, «Եվրովեստ» ՍՊԸ և բացառապես իրենց պատկանող (ուղղակի կամ անուղղակի) դուստր ձեռնարկություններ.
բ) Հայաստանի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նաև ներառում է՝
i) վարչատարածքային ստորաբաժանումները կամ դրանց տեղական մարմինները, և
ii) Կենտրոնական բանկը:
4. «Շահաբաժիններ» եզրույթը սույն հոդվածում գործածվելիս նշանակում է եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհամարվող՝ շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է հարկային կարգավորման այնպես, ինչպես բաժնետոմսերից եկամուտն այն պետության օրենքների համաձայն, որի ռեզիդենտն է բաշխումն իրականացնող ընկերությունը:
5. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների՝ շահույթ ստացող սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և մասնակցությունը, որի համար վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
6. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, այդ մյուս պետությունը չի կարող հարկել ընկերության կողմից վճարված շահաբաժինները՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդ մյուս պետությունում գտնվող մշտական հաստատության հետ, և չի կարող ընկերության չբաշխված շահույթը ենթարկել հարկման՝ ընկերության չբաշխված շահույթից գանձվող հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից: