Հոդված 3
Հոդված 3
Ընդհանուր սահմանումները
1. Սույն համաձայնագրի նպատակներով, եթե այլ բան չի բխում համատեքստից՝
ա) «Սինգապուր» եզրույթը նշանակում է Սինգապուրի Հանրապետությունը և աշխարհագրական իմաստով օգտագործվելու դեպքում ներառում է դրա հողային տարածքը, ներքին ջրերը և տարածքային ծովը, ինչպես նաև տարածքային ծովի սահմաններից դուրս գտնվող ցանկացած ծովային տարածք, որը, իր ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի համաձայն, սահմանվել է կամ հետագայում կարող է սահմանվել որպես տարածք, որտեղ Սինգապուրը կարող է ինքնիշխան իրավունքներ կամ իրավազորություն իրականացնել ծովի, ծովային հատակի, ընդերքի և բնական ռեսուրսների նկատմամբ.
բ) «Հայաստան» եզրույթը նշանակում է Հայաստանի Հանրապետությունը և աշխարհագրական իմաստով օգտագործվելու դեպքում նշանակում է այն տարածքը, այդ թվում՝ հողը, ջրերը, ընդերքը և օդային տարածքը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան իրավունքներն ու իրավազորությունն է իրականացնում՝ իր ազգային օրենսդրության համաձայն և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան.
գ) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» եզրույթները, համատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Սինգապուր.
դ) «անձ» եզրույթը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում.
ե) «ընկերություն» եզրույթը նշանակում է ցանկացած կորպորատիվ միավորում կամ ցանկացած կազմավորում, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես կորպորատիվ միավորում.
զ) «ձեռնարկություն» եզրույթը կիրառվում է ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ.
է) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» եզրույթները նշանակում են համապատասխանաբար Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն.
ը) «միջազգային փոխադրում» եզրույթը նշանակում է ցանկացած փոխադրում նավով կամ օդանավով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը կամ օդանավը շահագործվում է բացառապես Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև, և այդ նավը կամ օդանավը շահագործող ձեռնարկությունն այդ պետության ձեռնարկությունը չէ.
թ) «իրավասու մարմին» եզրույթը նշանակում է՝
i) Սինգապուրում՝ Ֆինանսների նախարարը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը.
ii) Հայաստանում՝ Ֆինանսների նախարարը և Պետական եկամուտների կոմիտեի նախագահը կամ նրանց կողմից լիազորված ներկայացուցիչները.
ժ) «քաղաքացի» եզրույթը Պայմանավորվող պետության առումով նշանակում է՝
i) այդ Պայմանավորվող պետության ազգություն կամ քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ. և
ii) այդ Պայմանավորվող պետության գործող օրենսդրության հիման վրա որպես այդպիսին կարգավիճակ ստացած ցանկացած իրավաբանական անձ, գործընկերություն կամ ասոցիացիա.
ժա) «ձեռնարկատիրական գործունեություն» եզրույթը ներառում է մասնագիտական ծառայությունների և անկախ բնույթի այլ գործունեության իրականացումը.
ժբ) «օրենքով սահմանված մարմին» եզրույթը նշանակում է Պայմանավորվող պետության որևէ օրենքով կազմավորված մարմին, որն իրականացնում է գործառույթներ, որոնք հակառակ դեպքում կիրականացվեին Պայմանավորվող պետության կառավարության կողմից:
2. Պայմանավորվող պետության կողմից համաձայնագիրը ցանկացած պահի կիրառելիս դրանում չսահմանված ցանկացած եզրույթ, եթե համատեքստն այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որն այն ունի այդ պահին, այդ պետության օրենքի համաձայն, այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ համաձայնագիրը կիրառվում է. ընդ որում, այդ պետության կիրառելի հարկային օրենքներով սահմանված յուրաքանչյուր նշանակություն գերակայում է այդ պետության այլ օրենքներով այդ եզրույթին տրվող նշանակության նկատմամբ: