Հոդված 11
Հոդված 11
Տոկոսները
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:
2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են, և այդ պետության օրենքներին համապատասխան, բայց եթե տոկոսների՝ շահույթ ստացող սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 5 տոկոսը:
3. Չնայած 2-րդ կետի դրույթներին՝ տոկոսները, որոնք առաջանում են մի Պայմանավորվող պետությունում և վճարվում մյուս Պայմանավորվող պետության կառավարությանը կամ ստացվում են նշված առաջին Պայմանավորվող պետության կառավարության կողմից երաշխավորված վարկերից (բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից երաշխավորված վարկերի), կամ վճարվում են բացառապես Կառավարությանը պատկանող ցանկացած ֆինանսական կազմակերպության, ազատվում են հարկումից նշված առաջին Պայմանավորվող պետությունում: «Կառավարություն» եզրույթը նշանակում է՝
ա) Սինգապուրի դեպքում՝ Սինգապուրի Հանրապետության կառավարությունը և նաև ներառում է՝
i) Կենտրոնական բանկը (Սինգապուրի դրամավարկային մարմին) և բացառապես իրեն պատկանող (ուղղակի կամ անուղղակի) դուստր ձեռնարկությունները.
ii) օրենքով սահմանված մարմին, և
iii) մարմիններ, այդ թվում՝ ներդրումային հատուկ հիմնադրամները կամ կազմավորումները, որոնք բացառապես պատկանում են Սինգապուրի Հանրապետության կառավարությանը (ուղղակի կամ անուղղակի) և ստեղծվել են ներդրումներ կատարելու և կառավարելու Սինգապուրի Հանրապետության կառավարության ակտիվները, և որոնց դեպքում վճարված շահաբաժիններն առնչվում են այդ ակտիվներին: Կասկածներից զերծ մնալու համար այն ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալով՝ «ԶիԱյՍի» [GIC] սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «ԶիԱյՍի (Անշարժ գույք)» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «ԶիԱյՍի (Ձեռնարկություններ)» ՍՊԸ, «Եվրովեստ» ՍՊԸ և բացառապես իրենց պատկանող (ուղղակի կամ անուղղակի) դուստր ձեռնարկություններ.
բ) Հայաստանի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նաև ներառում է՝
i) վարչատարածքային ստորաբաժանումները կամ դրանց տեղական մարմինները, և
ii) Կենտրոնական բանկը:
4. «Տոկոսներ» եզրույթը սույն հոդվածում գործածվելիս նշանակում է եկամուտ բոլոր տեսակի պարտապահանջներից՝ անկախ հիփոթեքային ապահովումից և պարտապանի շահույթում մասնակցության իրավունքի առկայությունից, և մասնավորապես՝ եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ՝ այդ արժեթղթերի, պարտատոմսերի կամ փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները: ժամկետանց վճարման համար գանձվող տույժերը սույն հոդվածի նպատակներով որպես տոկոսներ չեն դիտարկվում:
5. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների՝ շահույթ ստացող սեփականատերը, լինելով մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և պարտապահանջը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ պետության ռեզիդենտ է: Սակայն այն դեպքում, երբ տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդ տոկոսների վճարման ծախսերը կրում է այդ մշտական հաստատությունը, այս դեպքում այդ տոկոսները համարվում են առաջացած այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:
7. Այն դեպքում, երբ վճարողի և շահույթ ստացող սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջի առնչությամբ վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և շահույթ ստացող սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջին նշված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա՝ յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի մյուս դրույթները: