Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ պետությունում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է մյուս Պայմանավորվող պետությունում՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է վերը նշված ձևով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս պետությունում, բայց միայն այն չափով, որքանով վերագրելի է այդ մշտական հաստատությանը:

2. Հաշվի առնելով 3-րդ կետի դրույթները՝ այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանն է վերագրվում այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ միևնույն կամ համանման պայմաններում միևնույն կամ համանման գործունեություն իրականացնող ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործեր լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է:

3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է կատարել մասհանում մշտական հաստատության բոլոր ծախսերից, այդ թվում՝ կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերից, ինչը կկատարվեր, եթե մշտական հաստատությունը լիներ անկախ ձեռնարկություն, այնքանով, որքանով դրանք ողջամտորեն հատկացվում են մշտական հաստատությանը՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք կատարվել են այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե այլ տեղում:

4. Այնքանով, որքանով Պայմանավորվող պետությունում ընդունված է որոշել մշտական հաստատությանը վերագրվող շահույթը՝ ձեռնարկության ամբողջ շահույթը իր տարբեր ենթամասերի միջև համամասնական բաշխման հիման վրա, 2-րդ կետը ոչ մի կերպ չի արգելում այդ Պայմանավորվող պետությանը որոշել հարկման ենթակա շահույթը՝ ընդունված բաշխման եղանակով: Այնուամենայնիվ, ընդունված բաշխման եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածում շարադրված սկզբունքներին:

5. Մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար միայն ապրանքների կամ արտադրանքի գնումը հիմք չէ այդ մշտական հաստատությանը որևէ շահույթ վերագրելու համար:

6. Նախորդ կետերի նպատակներով մշտական հաստատությանը վերագրվող շահույթն ամեն տարի որոշվում է միևնույն եղանակով, քանի դեռ չկա այն փոխելու համար հիմնավոր և բավարար պատճառ:

7. Եթե շահույթը ներառում է սույն համաձայնագրի այլ հոդվածներում առանձին քննարկվող եկամտի տեսակներ, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։