Հոդված 24
Հոդված 24
Փոխհամաձայնեցման ընթացակարգը
1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր՝ սույն համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման, նա կարող է, այդ պետությունների ներպետական օրենքներով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից անկախ, իր գործը ներկայացնել այն Պայմանավորվող պետության իրավասու մարմին, որի ռեզիդենտն է ինքը: Գործը պետք է ներկայացվի համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցումից հետո՝ երեք տարվա ընթացքում:
2. Եթե իրավասու մարմինը բողոքը համարում է հիմնավոր, և եթե ինքն ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա վերջինս ձգտում է գործը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ՝ սույն համաձայնագրին չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է կատարվի՝ անկախ Պայմանավորվող պետությունների ներպետական օրենքներում առկա որևէ ժամկետային սահմանափակումից:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող ցանկացած դժվարություն կամ կասկած ձգտում են կարգավորել փոխհամաձայնությամբ: Նրանք կարող են խորհրդակցել նաև համաձայնագրով չնախատեսված դեպքերում՝ կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ՝ նախորդ կետերի առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով:
5. Այն դեպքում, երբ՝
ա) 1-ին կետի համաձայն՝ անձը Պայմանավորվող պետության իրավասու մարմին է ներկայացրել գործ այն հիմքով, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցրել են այդ անձի համար սույն համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման, և
բ) այդ գործը կարգավորելու համար իրավասու մարմինների կողմից պահանջված ամբողջ տեղեկատվությունը երկու իրավասու մարմիններին ներկայացվելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, իրավասու մարմինները չեն կարողանում համաձայնության գալ 2-րդ կետով սահմանված կարգով այդ գործը լուծելու համար (բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդ ժամկետը լրանալը Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները համաձայնության են եկել այդ գործի առնչությամբ մեկ այլ ժամկետի շուրջ և ծանուցել են այն անձին, որը ներկայացրել է այդ գործը համաձայնեցման), այդ գործից բխող ցանկացած չլուծված խնդիր պետք է ներկայացվի արբիտրաժ, եթե անձը դա գրավոր պահանջի: Այնուամենայնիվ, այդ չլուծված խնդիրները չեն կարող ներկայացվել արբիտրաժ, եթե պետություններից որևէ մեկի դատարանի կամ վարչական տրիբունալի կողմից այդ խնդիրների վերաբերյալ արդեն իսկ կայացվել է որոշում: Բացառությամբ այն դեպքերի, եթե գործին ուղղակիորեն առնչություն ունեցող անձը չի ընդունում արբիտրաժային որոշումը կատարելու փոխադարձ համաձայնությունը, այդ որոշումը պարտադիր է երկու Պայմանավորվող պետությունների համար և պետք է իրականացվի՝ անկախ այդ պետությունների ներպետական օրենքներով սահմանված ժամկետային սահմանափակումից: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են փոխադարձ համաձայնությամբ կարգավորել սույն կետի կիրառման կարգը: