Հոդված 25
Հոդված 25
Տեղեկությունների փոխանակումը
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակում են տեղեկություններ, որոնք պատշաճ կհամարվեն Պայմանավորվող պետությունների կամ նրանց վարչատարածքային ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների անունից կիրառվող ցանկացած տեսակի և բնույթի հարկերի առնչությամբ սույն համաձայնագրի դրույթների իրականացման կամ ներպետական օրենքների կիրառման կամ կատարման համար այնքանով, որքանով դրանց հիման վրա հարկումը չի հակասում համաձայնագրին: Տեղեկությունների փոխանակումը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածներով:
2. Պայմանավորվող պետության՝ 1-ին կետի համաձայն ստացած ցանկացած տեղեկություն դիտարկվում է գաղտնի, ինչպես այդ պետության ներքին օրենքներին համապատասխան ստացված տեղեկությունը, և հաղորդվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են 1-ին կետում նշված հարկերի գնահատմանը կամ գանձմանը, հարկադիր բռնագանձմանը կամ դատական հետապնդմանը, բողոքարկումների քննմանը կամ վերոնշյալի վերահսկմանը: Այդ անձինք կամ մարմինները տեղեկությունն օգտագործում են միայն այդ նպատակներով: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունը բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ: Չնայած վերոնշյալին՝ Պայմանավորվող պետության ստացած տեղեկությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով, եթե այլ նպատակներով այդպիսի տեղեկության օգտագործումը թույլատրվում է երկու պետությունների օրենքներով, և տեղեկությունը տրամադրող պետության իրավասու մարմինը թույլատրում է նման օգտագործումը:
3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետության համար պարտավորություն առաջացնող
ա) իրականացնելու իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին և վարչական պրակտիկային հակասող վարչական միջոցառումներ.
բ) տրամադրելու տեղեկություններ, որոնք հասանելի չեն իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ վարչարարության բնականոն գործընթացում.
գ) տրամադրելու տեղեկություններ, որոնք բացահայտում են որևէ առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական, կոմերցիոն կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց, կամ տեղեկություններ, որոնց բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):
4. Եթե Պայմանավորվող պետությունը տեղեկություններ է պահանջում սույն հոդվածի համաձայն, ապա մյուս Պայմանավորվող պետությունը պետք է օգտագործի տեղեկություններ ձեռք բերելու իր միջոցները՝ պահանջված տեղեկություններն ստանալու համար նույնիսկ այն դեպքում, երբ այդ մյուս պետությունն իր հարկային նպատակների համար չունի այդպիսի տեղեկությունների անհրաժեշտություն: Նախորդ նախադասության մեջ նշված պարտավորությունը ենթակա է 3-րդ կետով նախատեսված սահմանափակումների, սակայն այդպիսի սահմանափակումները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես Պայմանավորվող պետությանը թույլտվություն՝ մերժելու տեղեկությունների տրամադրումը միայն այն պատճառով, որ այդ տեղեկություններն իր համար ներպետական շահ չեն ներկայացնում:
5. 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես Պայմանավորվող պետությանը թույլտվություն՝ մերժելու տեղեկությունների տրամադրումը միայն այն պատճառով, որ տեղեկություններին տիրապետում են բանկը, այլ ֆինանսական հաստատություն, նշանակված անձը կամ գործակալությունում աշխատող անձը կամ խնամակալը, կամ որ դրանք վերաբերում է անձի սեփական շահերին: