Հոդված 4
Հոդված 4
Ռեզիդենտ
1. Սույն համաձայնագրի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» եզրույթը նշանակում է ցանկացած անձ, որն այդ պետության օրենսդրությամբ այնտեղ ենթակա է հարկման իր բնակության, ռեզիդենտության, ստեղծման վայրի, ղեկավարման վայրի կամ ցանկացած այլ համանման չափանիշի հիման վրա, և ներառում է նաև այդ պետությունը և դրա ցանկացած վարչատարածքային ստորաբաժանում, իշխանության տեղական մարմին կամ օրենքով սահմանված մարմին:
2. Այն դեպքում, երբ, ֆիզիկական անձը, 1-ին կետի դրույթներին համապատասխան, երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.
ա) նա համարվում է միայն այն պետության ռեզիդենտ, որտեղ ունի իրեն պատկանող մշտական կացարան. եթե նա երկու պետություններում էլ ունի իրեն պատկանող մշտական կացարան, ապա համարվում է միայն այն պետության ռեզիդենտ, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերն առավել սերտ են (կենսական շահերի կենտրոն).
բ) եթե հնարավոր չէ որոշել այն պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա պետություններից ոչ մեկում չունի իրեն պատկանող մշտական կացարան, ապա համարվում է միայն այն պետության ռեզիդենտ, որտեղ սովորաբար բնակվում է.
գ) եթե նա սովորաբար երկու պետություններում էլ բնակվում է կամ չի բնակվում դրանցից և ոչ մեկում, ապա համարվում է միայն այն պետության ռեզիդենտ, որի քաղաքացին է.
դ) ցանկացած այլ դեպքում Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:
3. Այն դեպքում, երբ, ֆիզիկական անձ չհանդիսացող անձը, սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան, երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, նա համարվում է միայն այն պետության ռեզիդենտ, որտեղ գտնվում է նրա փաստացի կառավարման մարմինը: Եթե հնարավոր չէ որոշել նրա փաստացի կառավարման մարմինը, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ: