Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Մշտական հաստատությունը

1. Սույն համաձայնագրի նպատակներով «մշտական հաստատություն» եզրույթը նշանակում է ձեռնարկատիրական գործունեության մշտական վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» եզրույթը մասնավորապես ներառում է հետևյալը՝

ա) կառավարման վայր,

բ) մասնաճյուղ,

գ) գրասենյակ,

դ) գործարան,

ե) արհեստանոց, և

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների հետազոտման կամ արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. Շինարարական հրապարակը, կառուցման, հավաքման կամ տեղակայման ծրագիրը կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը համարվում են մշտական հաստատություն միայն այն դեպքում, երբ այդ հրապարակի, ծրագրի կամ գործունեության տևողությունն ինն ամսից ավելի է:

4. Ծառայությունների, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունների մատուցումն անմիջականորեն Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից կամ այդ նպատակով ձեռնարկության կողմից վարձված աշխատողների կամ այլ անձնակազմի միջոցով համարվում է մշտական հաստատություն միայն այն դեպքում, երբ այդ բնույթի գործունեությունը մյուս Պայմանավորվող պետության տարածքում (միևնույն կամ դրա հետ կապված ծրագրի համար) ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում շարունակվում է 183 օրը գերազանցող ժամկետով կամ ժամկետներով:

5. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին՝ համարվում է, որ «մշտական հաստատություն» եզրույթը չի ներառում՝

ա) հարմարությունների օգտագործումը՝ ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ մատակարարման նպատակով.

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը՝ բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ մատակարարման նպատակով.

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը՝ բացառապես այլ ձեռնարկության կողմից վերամշակման նպատակով.

դ) ձեռնարկության համար գործունեության մշտական վայրի պահպանումը՝ բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով.

ե) գործունեության մշտական վայրի պահպանումը՝ բացառապես ձեռնարկության համար «ա»-«դ» ենթակետերում չթվարկված ցանկացած գործունեություն իրականացնելու նպատակով՝ պայմանով, որ այդ գործունեությունը կրում է նախապատրաստական կամ օժանդակ բնույթ, կամ

զ) գործունեության մշտական վայրի պահպանումը բացառապես «ա»-«ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար՝ պայմանով, որ գործունեության մշտական վայրի ընդհանուր գործունեությունն այդ համակցության արդյունքում շարունակում է կրել նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:

6. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին՝ այն դեպքում, երբ անկախ կարգավիճակով գործակալ չհանդիսացող անձը, որի նկատմամբ կիրառվում է 7-րդ կետը, գործում է ձեռնարկության անունից և Պայմանավորվող պետությունում ունի և սովորաբար իրականացնում է ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, այդ ձեռնարկությունը համարվում է այդ պետությունում մշտական հաստատություն ունեցող՝ այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար ձեռնարկվող ցանկացած գործունեության մասով՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդպիսի անձի գործունեությունը սահմանափակվում է 5-րդ կետում նշվածով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության մշտական վայրի միջոցով, այդ գործունեության մշտական վայրը այդ կետի դրույթների համաձայն չի վերածում մշտական հաստատության:

7. Ձեռնարկությունը չի համարվում Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող միայն այն պատճառով, որ այն այդ պետությունում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում բրոքերի, առևտրային ընդհանուր գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով՝ պայմանով, որ այդ անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:

8. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպով), ինքնին այդ ընկերություններից որևէ մեկը չի դարձնում մյուսի մշտական հաստատությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։