Հոդված 10. Շահաբաժիններ
Հոդված 10. Շահաբաժիններ
1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժինները վճարող ընկերությունը՝ այդ Պետության օրենքներին համաձայն. բայց եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը հանդիսանում է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ապա այդպիսով գանձվող հարկը չպետք է գերազանցի.
ա) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե փաստացի սեփականատերն է հանդիսանում ընկերությունը, որը ուղղակիորեն տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության հիմնադիր կապիտալի առնվազն 10 տոկոսը,
բ) շահաբաժինների համախառն գումարի 15 տոկոսը՝ բոլոր մնացած դեպքերում:
Այս կետը չի ազդում ընկերության հարկմանը այն շահույթի նկատմամբ, որից վճարվում են շահաբաժինները:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է՝ եկամուտ ցանկացած բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող՝ շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես որ բաժնետոմսերից առաջացած եկամուտը այն Պետության օրենսդրությամբ, որի ռեզիդենտն է հանդիսանում բաշխումն իրականացնող ընկերությունը:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունը՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող կայուն բազայի միջոցով, և մասնակցությունը, որի առնչությամբ վճարվում են շահաբաժինները, գործնականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ կայուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) կամ 14 –րդ հոդվածի (Անկախ անձնական ծառայություններ) դրույթները:
5. Երբ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող Պետությունից, այդ մյուս Պետությունը չի կարող սահմանել որևէ հարկ ընկերության կողմից վճարված շահաբաժինների նկատմամբ, բացառությամբ երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, գործնականորեն կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության կամ կայուն բազայի հետ և չի կարող ենթարկել հարկման ընկերության չբաշխված շահույթը համապատասխան հարկատեսակով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթը ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից: