Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Տոկոսներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Տոկոսներ

1.Պայմանավորվող Պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ առաջանում են՝ այդ Պետության օրենքներին համաձայն, բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը:

3. Չնայած 2-րդ կետի դրույթներին՝ տոկոսները ազատվում են հարկումից այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ առաջացել են, եթե դրանք՝

ա) մի ձեռնարկության կողմից մյուս ձեռնարկությանը որևէ արդյունաբերական, առևտրային կան գիտական սարքավորումների կամ հիմնական ապրանքի ապառիկ վաճառքի հետ կապված տոկոսներ են,

բ) բանկային ձեռնարկության կողմից տրամադրված, վարկառուի կողմից չներկայացված ցանկացած բնույթի փոխառության տոկոսներ են,

գ) մյուս Պայմանավորվող Պետությանը, նրա քաղաքական, վարչատարածքային ստորաբաժանումներին կամ տեղական իշխանություններին վճարված տոկոսներ են:

4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է՝ եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից՝ անկախ հիպոտեքային ապահովումից և անկախ պարտապանի շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից, մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից՝ ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի կամ փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարները կամ մրցանակները: Ժամկետանց վճարման համար գանձվող տուգանքները սույն Կոնվենցիայի նպատակով տոկոսներ չեն համարվում:

5. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում՝ այնտեղ գտնվող կայուն բազայի միջոցով, և պարտապահանջը, որի առնչությամբ վճարվում են տոկոսները, գործնականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ կայուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) կամ 14-րդ հոդվածի (Անկախ անձնական ծառայություններ) դրույթները:

6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող Պետությունում, եթե վճարողն ինքը այդ Պետությունն է, այդ Պետության քաղաքական կամ վարչատարածքային ստորաբաժանումը, տեղական իշխանությունը կամ ռեզիդենտը: Սակայն երբ տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, ունի Պայմանավորվող Պետությունում մշտական հաստատություն կամ կայուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ կայուն բազան, ապա այդ տոկոսները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ կայուն բազան:

7. Երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ առաջացել են տոկոսները՝ այդ Պետության օրենքների համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։