Հոդված 24. Անխտրականություն
Հոդված 24. Անխտրականություն
1. Պայմանավորվող Պետության ազգային անձինք չեն ենթարկվում մյուս Պայմանավորվող Պետությունում ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության, քան միևնույն հանգամանքների դեպքում (մասնավորապես, ռեզիդենտության նկատմամբ) հարկումն ու դրա հետ կապված պարտավորությունները, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պետության ազգային անձինք: Սույն դրույթը, անկախ 1-ին հոդվածի (Անձինք, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան) դրույթներից, կիրառվում է նաև Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:
2. Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող՝ քաղաքացիություն չունեցող անձինք չեն ենթարկվում Պայմանավորվող Պետություններից և ոչ մեկում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան միևնույն հանգամանքների դեպքում, հարկումն ու դրա հետ կապված պարտավորությունները, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել տվյալ Պետության ազգային անձինք:
3. Մյուս Պայմանավորվող Պետությունում Պայմանավորվող Պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է լինի պակաս բարենպաստ, քան այդ մյուս Պետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումը: Այս դրույթը չպետք է մեկնաբանվի որպես պարտավորեցնող՝ Պայմանավորվող Պետությանը շնորհելու մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտներին, հարկման նպատակներով, այնպիսի անձնական արտոնություններ, նվազեցումեր և զեղչեր, որոնք այդ Պետությունը տրամադրում է սեփական ռեզիդենտներին՝ նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների պատճառով:
4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի (Զուգորդված ձեռնարկություններ) 1-ին կետի, 11-րդ հոդվածի (Տոկոսներ) 7-րդ կետի կամ 12-րդ հոդվածի (Ռոյալթի) 6-րդ կետի դրույթները, Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարած տոկոսները, ռոյալթին և այլ վճարումները, այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով, ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչպես առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս:
Նմանապես, Պայմանավորվող Պետության ձեռնարկության ցանկացած պարտքը մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկման ենթակա կապիտալի սահմանման նպատակով, ենթակա է նվազեցման նույն պայմաններով, ինչպիսիք կլինեին, եթե պայմանագիրը կնքվեր առաջինը նշված Պետության ռեզիդենտի հետ:
5. Պայմանավորվող Պետության ձեռնարկությունները, որոնց կապիտալն ամբողջությամբ կամ մասամբ, ուղղակիորեն կամ անուղղակի պատկանում է մյուս Պայմանավորվող Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտներին կամ վերահսկվում է նրանց կողմից, չեն ենթարկվի առաջինը հիշատակված Պետությունում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորությունների, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել առաջինը հիշատակված Պետության այլ համանման ձեռնարկությունները:
6. Չնայած 2-րդ հոդվածի (Հարկեր, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան) դրույթներին, սույն հոդվածի դրույթները կիրառվում են բոլոր տեսակի և բնույթի հարկերի նկատմամբ: