Հոդված 25. Փոխհամաձայնեցման ընթացակարգ
Հոդված 25. Փոխհամաձայնեցման ընթացակարգ
1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր` սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկմանը, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող Պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր գործը վերաբերում է սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի (Անխտրականություն) 1-ին կետին, այն Պայմանավորվող Պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է հանդիսանում: Այդպիսի գործը պետք է ներկայացվի երեք տարվա ընթացքում՝ սույն Կոնվենցիայի դրույթներին ոչ համապատասխան հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից:
2. Եթե իրավասու մարմինը կհամարի դիմում-բողոքը հիմնավորված և եթե, ինքը չի կարողանա հանգել գոհացուցիչ լուծման, ապա նա կձգտի լուծել հարցը մյուս Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ՝ սույն Կոնվենցիային չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ցանկացած ձեռքբերված համաձայնություն իրականացվում է անկախ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրություններում առկա որևէ ժամանակային սահմանափակման:
3. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կձգտեն փոխհամաձայնությամբ լուծել Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող ցանկացած դժվարություն կամ կասկած:
4. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները համաձայնության կհասնեն Կոնվենցիայի դրույթների կատարման համար անհրաժեշտ վարչարարական միջոցառումների վերաբերյալ, մասնավորապես, յուրաքանչյուր Պայմանավորվող Պետության ռեզիդենտների կողմից մյուս Պետությունում Կոնվենցիայով նախատեսված հարկի ազատման կամ նվազեցման արտոնություններից օգտվելու հաստատումների ներկայացման վերաբերյալ:
5. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ Կոնվենցիայի կիրառման համար: