Հոդված 26. Տեղեկությունների փոխանակում
Հոդված 26. Տեղեկությունների փոխանակում
1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կփոխանակեն այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ կլինեն սույն Կոնվենցիայի կամ Կոնվենցիայում ընգրկված հարկերի վերաբերյալ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրության դրույթների կիրառման համար՝ այնքանով, որքանով դրանցից առաջացող հարկումը չի հակասում սույն Կոնվենցիային: Տեղեկությունների փոխանակումը 1-ին հոդվածով (Անձինք, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան) չի սահմանափակվում: Պայմանավորվող Պետության ստացած ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի, ինչպես այդ Պետության ներքին օրենքների սահմաններում ստացված տեղեկությունը, և հայտնվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են Կոնվենցիայով ընդգրկված հարկերի գնահատմամբ կամ գանձմամբ, հարկերի առնչությամբ հարկադիր բռնագանձմամբ կամ դատական հետապնդմամբ, հարկերի վերաբերյալ բողոքարկումների քննարկմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները օգտագործում են տեղեկությունները միմիայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունները բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ընթացքում:
Իրավասու մարմինները խորհրդակցության միջոցով կմշակեն համապատասխան պայմաններ, մեթոդներ և ձևեր այդպիսի տեղեկության փոխանակումն ապահովելու համար՝ ներառյալ, նպատակահարմարության դեպքում, հարկումը բացառելուն վերաբերող տեղեկության փոխանակումը:
2. Առաջին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող Պետությանը պարտավորեցնող.
ա) իրականացնելու այդ կամ մյուս Պայմանավորվող Պետության օրենսդրությանը կամ վարչական գործավարությանը հակասող վարչական գործավարության միջոցառումներ,
բ) ներկայացնելու տեղեկություն, որը հասանելի չէ այդ կամ մյուս Պայմանավորվող Պետության օրենսդրությամբ կամ սովորական վարչական գործավարության ընթացքում,
գ) ներկայացնելու տեղեկություն, որը բացահայտում է որևէ աշխատանքային, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային, մասնագիտական գաղտնիք, աշխատանքային գործընթաց, կամ՝ տեղեկատվություն, որի բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):