Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից

1. Պայմանավորվող Պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե այդ ձեռնարկությունը մյուս Պայմանավորվող Պետությունում չի իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով:

Եթե ձեռնարկությունը իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն վերը նշված ձևով, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:

2. Հաշվի առնելով 3-րդ կետի դրույթները, երբ Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա յուրաքանչյուր Պայմանավորվող Պետությունում այդ մշտական հաստատությանը վերագրվում է այն շահույթը, որն այն կարող էր ունենալ՝ նույն կամ համանման պայմաններում իրականացնելով նույն կամ համանման գործունեություն՝ լինելով ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործելով միանգամայն անկախ:

3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցում համարել մշտական հաստատության նպատակների համար կրած ծախսերը՝ ներառյալ այդպիսով կրած կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, ինչպես այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, այնպես էլ այլուր:

Սակայն չի թույլատրվի նվազեցնել այն գումարները, եթե այդպիսիք կան, որոնք մշտական հաստատության կողմից վճարված են (այլ կերպ, քան որպես փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) ձեռնարկության գլխավոր գրասենյակին կամ նրա գրասենյակներից որևէ մեկին պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար ռոյալթիի, հոնորարների կամ համանման վճարումների տեսքով, մատուցած որոշակի ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի տեսքով կամ, բացառությամբ բանկային ձեռնարկության դեպքի, մշտական հաստատությանը տրամադրված փոխառության դիմաց տոկոսների տեսքով: Նմանապես, մշտական հաստատության շահույթը որոշելիս հաշվի չեն առնվի այն գումարները (այլ կերպ, քան որպես փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում), որոնք մշտական հաստատության կողմից վճարվում են ձեռնարկության գլխավոր գրասենյակին կամ նրա այլ գրասենյակներից որևէ մեկին պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար ռոյալթիի, հոնորարների կամ համանման վճարումների տեսքով, մատուցած որոշակի ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի տեսքով կամ, բացառությամբ բանկային ձեռնարկության դեպքի, ձեռնարկության գլխավոր գրասենյակին կամ նրա այլ գրասենյակներից որևէ մեկին տրամադրված փոխառության դիմաց տոկոսների տեսքով:

4. Եթե Պայմանավորվող Պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության ամբողջ շահույթը իր տարբեր ստորաբաժանումների միջև համամասնական բաշխման հիման վրա, 2-րդ կետի ոչ մի դրույթ որևէ կերպ չի արգելի այդ Պայմանավորվող Պետությանը որոշել հարկման ենթակա շահույթը ընդունված բաշխման եղանակի հիման վրա: Այնուամենայնիվ, ընդունված բաշխման եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածում ընդգրկված սկզբունքներին:

5. Ոչ մի շահույթ չի վերագրվի մշտական հաստատությանը այդ մշտական հաստատության կողմից իր ձեռնարկության համար բացառապես ապրանքներ կամ արտադրանք գնելու պատճառով:

6. Նախորդ կետերի նպատակներով մշտական հաստատությանը վերագրվող շահույթը ամեն տարի որոշվում է միևնույն եղանակով, եթե չկա այն փոխելու համար պատշաճ և բավարար պատճառ:

7. Երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնց մասին առանձին նշվում է սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։