Հոդված 16. Ռիսկի կարգավորումը
Հոդված 16 Ռիսկի կարգավորումը
1. Հաշվի առնելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի «է» կետը՝ Կողմերը կմշակեն և կպահպանեն այն ռիսկերի կարգավորման, նվազեցման և վերահսկման համապատասխան մեխանիզմները, միջոցներն ու ռազմավարությունը, որոնք վերաբերում են սույն Արձանագրության դրույթներով սահմանված՝ կենդանի վերափոխված օրգանիզմների օգտագործման, մշակման և անդրսահմանային տեղափոխման վերաբերյալ ռիսկի գնահատմանը:
2. Ռիսկի գնահատման արդյունքների վրա հիմնված միջոցառումները կիրականացվեն այնքանով, որքանով անհրաժեշտ են ներմուծող Կողմի տարածքում կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման նկատմամբ կենդանի վերափոխված օրգանիզմի անբարենպաստ ազդեցությունը կանխարգելելու համար` հաշվի առնելով նաև մարդու առողջությանը սպառնացող վտանգը:
3. Յուրաքանչյուր Կողմ կձեռնարկի համապատասխան միջոցներ՝ կանխելու համար կենդանի վերափոխված օրգանիզմների ոչ կանխամտածված անդրսահմանային տեղափոխությունները (ներառյալ այնպիսի միջոցը, ինչպիսին է ռիսկի գնահատման պահանջի ներկայացումը մինչև կենդանի վերափոխված օրգանիզմի առաջին բացթողումը):
4. Չվնասելով վերը նշված 2-րդ կետը՝ յուրաքանչյուր Կողմ կձգտի ապահովել, որ ցանկացած կենդանի վերափոխված օրգանիզմ, ինչպես ներմուծված, այնպես էլ իր կողմից ստեղծված, անցնի իր կյանքի ցիկլին կամ վերարտադրության ժամանակահատվածին համապատասխան դիտարկում մինչ նրա ենթադրվող օգտագործումը:
5. Կողմերի համագործակցության նպատակն է՝
ա) կենդանի վերափոխված օրգանիզմների կամ կենդանի վերափոխված օրգանիզմների որոշակի առանձնահատկությունների բացահայտում, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն գործել կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման նկատմամբ, հաշվի առնելով նաև մարդու առողջությանը սպառնացող վտանգը, և
բ) ձեռնարկել համապատասխան միջոցներ նման կենդանի վերափոխված օրգանիզմների կիրառման կամ նրանց որոշակի առանձնահատկությունների նկատմամբ: