Հոդված 17. Չկանխամտածված անդրսահմանային տեղափոխություններ և արտակարգ միջոցառումներ
Հոդված 17 Չկանխամտածված անդրսահմանային տեղափոխություններ և արտակարգ միջոցառումներ
1. Յուրաքանչյուր Կողմ համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ ծանուցելու համար ներգրավված կամ ներգրավման ենթակա պետություններին, անհրաժեշտության դեպքում՝ կենսաանվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատությանը, համապատասխան միջազգային կազմակերպություններին, եթե իրեն հայտնի է դառնում իր իրավասության ներքո գտնվող դեպքի մասին, որի արդյունքում տեղի է ունենում բացթողում, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել կենդանի վերափոխված օրգանիզմների չկանխամտածված անդրսահմանային տեղափոխության, որը կարող է անբարենպաստ ազդեցություն գործել կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման նկատմամբ, հաշվի առնելով նաև մարդու առողջությանը սպառնացող վտանգը այդ պետություններում: Ծանուցումը կուղարկվի վերոհիշյալ իրավիճակի մասին Կողմին հայտնի դառնալուն պես:
2. Յուրաքանչյուր Կողմ սույն Արձանագրությունը իր համար ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ կենսաանվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատությանը տրամադրում է համապատասխան մանրամասն տեղեկատվություն հաղորդակցման կետի նշանակման մասին՝ սույն հոդվածի համաձայն ծանուցումներ ստանալու նպատակներով:
3. Վերոհիշյալ 1-ին կետի համաձայն՝ ցանկացած ծանուցում պետք է պարունակի.
ա) առկա համապատասխան տեղեկատվություն կենդանի վերափոխված օրգանիզմի ենթադրվող քանակների և համապատասխան բնութագրերի և/կամ հատկանիշների վերաբերյալ,
բ) տեղեկատվություն կենդանի վերափոխված օրգանիզմ բաց թողնելու հանգամանքների և ենթադրվող ամսաթվի ու ծագման Կողմում կենդանի վերափոխված օրգանիզմի օգտագործման վերաբերյալ,
գ) գոյություն ունեցող ցանկացած տեղեկատվություն կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման նկատմամբ հնարավոր անբարենպաստ ազդեցության վերաբերյալ, հաշվի առնելով նաև մարդու առողջությանը սպառնացող վտանգը, ինչպես նաև վտանգի կարգավորման հնարավոր միջոցառումների վերաբերյալ առկա տեղեկատվությունը,
դ) ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն, և
ե) տեղեկատվություն հետագա տեղեկատվություն ստանալու համար հաղորդակցման կետի վերաբերյալ:
4. Յուրաքանչյուր Կողմ, որի իրավասությանն է վերաբերում 1-ին կետում նշված կենդանի վերափոխված օրգանիզմի բացթողումը, անմիջապես խորհրդատվություն կանցկացնի ներգրավված կամ ներգրավման ենթակա պետությունների հետ, որպեսզի նրանք կարողանան որոշել համապատասխան պատասխան գործողությունները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն, ներառյալ արտակարգ միջոցառումները, կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման նկատմամբ ցանկացած որոշակի անբարենպաստ ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով, հաշվի առնելով նաև մարդու առողջությանը սպառնացող վտանգը: