Հոդված 21. Գաղտնի տեղեկատվություն
Հոդված 21 Գաղտնի տեղեկատվություն
1. Ներմուծող Կողմը ծանուցողին թույլ կտա նշել, թե սույն Արձանագրությամբ նախատեսված ընթացակարգերի համաձայն ներկայացված կամ ներմուծող Կողմի կողմից որպես Արձանագրության՝ նախապես հիմնավորված համաձայնության ընթացակարգի մաս պահանջած որ տեղեկատվությունն է պետք դիտարկել որպես գաղտնի: Այդ դեպքերում, խնդրանքի դեպքում, կտրամադրվի հիմնավորում:
2. Ներմուծող Կողմը ծանուցողի հետ խորհրդատվություն կանցկացնի այն դեպքում, եթե որոշի, որ ծանուցողի կողմից որպես գաղտնի նշված տեղեկատվությունը չի կարող այդպիսին համարվել, և, մինչև ցանկացած հրապարակումը, կհայտնի ծանուցողին իր որոշման մասին, խնդրանքի դեպքում, նշելով պատճառները և մինչև հրապարակումը ապահովելով խորհրդակցության անցկացման և որոշման ներքին վերանայման հնարավորությունը:
3. Յուրաքանչյուր Կողմ կպահպանի սույն Արձանագրության շրջանակներում ստացված գաղտնի տեղեկատվությունը՝ ներառյալ սույն Արձանագրությամբ նախապես հիմնավորված համաձայնության ընթացակարգի համատեքստում ստացված ցանկացած գաղտնի տեղեկատվություն: Յուրաքանչյուր Կողմ կապահովի այդպիսի տեղեկատվության պահպանության համար անհրաժեշտ գործընթացները և կպահպանի գաղտնիությունը ոչ պակաս հուսալի, քան դա նախատեսված է իր սեփական կենդանի վերափոխված օրգանիզմների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության համար:
4. Ներմուծող Կողմը նման տեղեկատվությունը չի օգտագործի առևտրային նպատակով, բացի այն դեպքից, երբ առկա է ծանուցողի գրավոր համաձայնությունը:
5. Եթե ծանուցողը հետ է վերցնում կամ հետ է վերցրել ծանուցումը, ներմուծող Կողմը պահպանում է առևտրային և արդյունաբերական տեղեկատվության գաղտնիությունը, ներառյալ հետազոտությունների և մշակումների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև այն տեղեկատվությունը, որի գաղտնիության վերաբերյալ Կողմի և ծանուցողի միջև կա անհամաձայնություն:
6. Չխախտելով վերոհիշյալ 5-րդ կետը՝ հետևյալ տեղեկատվությունը գաղտնի չի համարվում.
ա) ծանուցողի անվանումը և հասցեն,
բ) կենդանի վերափոխված օրգանիզմի կամ օրգանիզմների ընդհանուր նկարագիրը,
գ) կենսաբանական բազմազանության պահպանության և կայուն օգտագործման նկատմամբ անբարենպաստ ազդեցության ռիսկի գնահատման ամփոփումը, հաշվի առնելով նաև մարդու առողջությանը սպառնացող վտանգը,
դ) արտակարգ իրավիճակներում միջոցառումների անցկացման ցանկացած մեթոդ և ծրագիր: