Հոդված 3. Տերմինների օգտագործումը
Հոդված 3 Տերմինների օգտագործումը
Սույն Արձանագրության նպատակների համար.
ա) «Կողմերի կոնֆերանս» նշանակում է՝ Կոնվենցիայի Կողմերի կոնֆերանս,
բ) «օգտագործումը մեկուսացված համակարգերում» նշանակում է՝ տեղադրման, կառուցման կամ այլ կառույցի շրջանակներում իրականացվող ցանկացած գործողություն, որը ընդգրկում է կենդանի վերափոխված օրգանիզմներ, որոնք վերահսկվում են արտաքին միջավայրի հետ շփումը և նրա նկատմամբ ունեցած ազդեցությունը արդյունավետորեն սահմանափակող հատուկ միջոցներով,
գ) «արտահանում» նշանակում է՝ կանխամտածված անդրսահմանային տեղափոխում մի Կողմից դեպի մյուս Կողմը,
դ) «արտահանող» նշանակում է՝ արտահանող Կողմի իրավասության ներքո գտնվող ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը կազմակերպում է կենդանի վերափոխված օրգանիզմների արտահանումը,
ե) «ներմուծում» նշանակում է՝ կանխամտածված անդրսահմանային տեղափոխում մի Կողմից դեպի մյուս Կողմը,
զ) «ներմուծող» նշանակում է՝ ներմուծող Կողմի իրավասության ներքո գտնվող ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը կազմակերպում է կենդանի վերափոխված օրգանիզմների ներմուծումը,
է) «կենդանի վերափոխված օրգանիզմ» նշանակում է՝ ցանկացած կենդանի օրգանիզմ, որը պարունակում է ժամանակակից կենսատեխնոլոգիայի օգտագործման շնորհիվ ստացված գենետիկական նյութի նոր համակցություն,
ը) «կենդանի օրգանիզմ» նշանակում է՝ ցանկացած կենսաբանական գոյություն, որն ունի գենետիկ նյութի փոխանցման կամ վերարտադրման (ռեպլիկացիայի) ընդունակություն (ներառյալ ստերիլ օրգանիզմները, վիրուսները և վիրոիդները),
թ) «ժամանակակից կենսատեխնոլոգիա» նշանակում է՝ կիրառել.
ա. նուկլեինաթթվի օգտագործման in vitro (օրգանիզմից դուրս) մեթոդը, ներառյալ ռեկոմբինանտային դեզօքսիրիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) և նուկլեինաթթվի ուղղակի ներարկումը բջիջների կամ օրգանելայի մեջ, կամ
բ. տաքսոնոմիկ կարգավիճակ ունեցող օրգանիզմների բջիջների միացման մեթոդներ, որոնք թույլ են տալիս հաղթահարել բնական ֆիզիոլոգիական վերարտադրվող կամ ռեկոմբինացիոն արգելքները և աճեցման ու սելեկցիայի ավանդական մեթոդ չեն հանդիսանում,
ժ) «տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություն» նշանակում է՝ որոշակի տարածաշրջանի ինքնիշխան պետությունների կողմից ստեղծված կազմակերպություն, որին իր անդամ պետությունները փոխանցել են սույն Արձանագրությամբ կարգավորվող հարցերով իրավասությունը, և որը պատշաճ կերպով լիազորված է, իր ներքին ընթացակարգերին համապատասխան, ստորագրել, վավերացնել, ընդունել, հավանություն տալ կամ միանալ Արձանագրությանը,
ժա) «անդրսահմանային տեղափոխություն» նշանակում է՝ կենդանի վերափոխված օրգանիզմի տեղափոխումը մի Կողմից դեպի մյուս Կողմը, բացառությամբ 17-րդ և 24-րդ հոդվածների, որոնց նպատակների իրականացման համար անդրսահմանային տեղափոխությունը տարածվում է Կողմերի և Կողմեր չհանդիսացող պետությունների միջև տեղափոխության նկատմամբ: