Անցնել բովանդակությանը
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸ

Հոդված 35. ԿԱՊԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35 ԿԱՊԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

1. Նստավայր պետությունը պետք է թույլատրի և պահպանի բոլոր պաշտոնական նպատակներով հյուպատոսական հիմնարկի կապերի ազատությունը հավատարմագրվող պետության կառավարության, դիվանագիտական ներկայացուցչությունների և մյուս հյուպատոսական հիմնարկների հետ ունեցած կապերում, որտեղ էլ դրանք գտնվելիս լինեն, հյուպատոսական հիմնարկը կարող է օգտվել բոլոր հարմար միջոցներից, ներառյալ դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակները, դիվանագիտական և հյուպատոսական փոստը և ծածկագրված ճեպահաղորդումները: Սակայն հյուպատոսական հիմնարկը ռադիոհաղորդիչ տեղակայել և դրանից օգտվել կարող է միայն նստավայր պետության համաձայնությամբ:

2. Հյուպատոսական հիմնարկի պաշտոնական գրագրությունը անձեռնմխելի է: Պաշտոնական գրագրություն ասելով պետք է հասկանալ հյուպատոսական հիմնարկին և նրա ֆունկցիաներին վերաբերող ամբողջ գրագրությունը:

3. Հյուպատոսական փոստը ենթակա չէ ոչ բացելու, ոչ ուշացնելու: Սակայն այն դեպքում, երբ նստավայր պետության իրավասու իշխանությունները լուրջ հիմքեր ունեն ենթադրելու, որ փոստի մեջ բացի գրագրությունից, փաստաթղթերից կամ սույն հոդվածի 4-րդ կետում թվարկված առարկաներից, պարունակվում է ինչ-որ այլ բան, ապա նրանք կարող են պահանջել, որ փոստը բացվի իրենց ներկայությամբ` հավատարմագրող պետության լիազոր ներկայացուցչի կողմից: Այն դեպքում, եթե հավատարմագրող պետության իշխանությունները հրաժարվեն կատարել այդ պահանջը, ապա փոստը վերստին վերադարձվում է առաքման վայր:

4. Հյուպատոսական փոստի բոլոր կապոցները պետք է ունենան տեսանելի արտաքին նշաններ, որոնք ցույց տան դրանց բնույթը և կարող են պարունակել միայն գրագրություն և փաստաթղթեր կամ բացառապես պաշտոնական օգտագործման համար նախատեսվող առարկաներ:

5. Հյուպատոսական սուրհանդակին պետք է տրվի պաշտոնական փաստաթուղթ, որտեղ ցույց են տրվում նրա կարգավիճակը և հյուպատոսական փոստը կազմող կապոցների քանակը: Բացառությամբ այն դեպքերի, երբ գոյություն ունի նստավայր պետության համաձայնությունը, նա չի կարող լինել ոչ նստավայր պետության քաղաքացի, ոչ էլ, եթե չի հանդիսանում հավատարմագրող պետության քաղաքացի, մի անձ, որը մշտապես բնակվում է նստավայր պետությունում: Իր ֆունկցիաները կատարելիս նա պետք է գտնվի նստավայր պետության պաշտպանության ներքո: Նա օգտվում է անձնական անձեռնմխելիությունից և ենթակա չէ ոչ ձերբակալման, ոչ էլ կալանման, ինչ ձևով էլ որ դա կատարվի:

6. Հավատարմագրող պետությունը, նրա դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները կարող են նշանակել հյուպատոսական ad hoc հատուկ սուրհանդակներ: Այդ դեպքերում կիրառվում են նաև սույն հոդվածի 5-րդ կետի դրույթները, բացառությամբ, որ կետում հիշատակված իմունիտետները դադարում են գործելուց ըստ նշանակության այդպիսի սուրհանդակի կողմից նրան վստահված հյուպատոսական փոստը տեղ հասցնելու պահին:

7. Հյուպատոսական փոստը կարող է վստահվել այն նավի կամ քաղաքացիական ինքնաթիռի հրամանատարին, որն ուղևորվում է նավահանգիստ կամ օդանավակայան, ուր նրա ժամանումը թույլատրված է: Նրան տրվում է պաշտոնական փաստաթուղթ, որտեղ նշվում է փոստը կազմող կապոցների քանակը, բայց նա չի համարվում հյուպատոսական սուրհանդակ: Տեղական իրավասու իշխանությունների հետ համաձայնեցնելով, հյուպատոսական հիմնարկը կարող է իր աշխատողներից մեկին ուղարկել նավի կամ ինքնաթիռի հրամանատարից անմիջականորեն և առանց խոչնդոտների ընդունելու փոստը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։