Հոդված 5. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ
Հոդված 5 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ
Հյուպատոսական ֆունկցիաներ են հանդիսանում.
ա) նստավայր պետությունում հավատարմագրող պետության և նրա քաղաքացիների ( ֆիզիկական և իրավաբանական անձանց) շահերի պաշտպանությունը` միջազգային իրավունքով թույլ տրվող սահմաններում.
բ) հավատարմագրող պետության և նստավայր պետության միջև առևտրական, տնտեսական, մշակութային և գիտական կապերի զարգացմանը նպաստելը, ինչպես նաև այլ ուղիներով նրանց միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստելը` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան.
գ) բոլոր օրինական ուղիներով նստավայր պետության առևտրական, տնտեսական, մշակութային և գիտական կյանքի պայմանների ու իրադարձությունների պարզաբանումը, դրանց մասին հաղորդումը հավատարմագրող պետության կառավարությանը և տեղեկություններ ներկայացնելը շահագրգռված անձանց.
դ) հավատարմագրող պետության քաղաքացիներին անձնագրեր ու ժամանման փաստաթղթեր և հավատարմագրող պետություն մեկնելու ցանկություն ունեցող անձանց վիզաներ կամ համապատասխան փաստաթղթեր տալը.
ե) հավատարմագրող պետության քաղաքացիներին (ֆիզիկական և իրավաբանական անձանց) օգնություն և աջակցություն ցույց տալը.
զ) նոտարի, քաղաքացիական կացության ակտեր արձանագրողի պարտականությունների և նման ուրիշ պարտականությունների կատարումը, ինչպես նաև վարչական բնույթի մի քանի ֆունկցիաների իրականացումը, պայմանով, որ այդ դեպքում ոչինչ չի հակասի նստավայր պետության օրենքներին և կանոններին.
է) հավատարմագրող պետության քաղաքացիների (ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի պաշտպանությունը` ժառանգման դեպքում) «mortis causa» նստավայր պետության տարածքում` նստավայր պետության օրենքներին և կանոններին համապատասխան.
ը) նստավայր պետության օրենքով և կանոններով սահմանված շրջանակներում դեռահասների և լրիվ կենսունակություն չունեցող այլ անձանց շահերի պաշտպանությունը, որոնք հանդիսանում են հավատարմագրող պետության քաղաքացիներ, և հատկապես այն դեպքում, երբ այդպիսի մարդկանց նկատմամբ պահանջվում է հաստատել որևէ խնամակալություն կամ հոգաբարձություն.
թ) նստավայր պետությունում ընդունված պրակտիկայի և կարգի պահպանմամբ հանդերձ հավատարմագրող պետության քաղաքացիների ներկայացուցչությունը կամ պատշաճ ներկայացուցչության ապահովումը նստավայր պետության դատական և այլ հիմնարկներում, նպատակ ունենալով նստավայր պետության օրենքներին և կանոններին համապատասխան ստանալ կարգադրություններ այդ քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանող նախնական միջոցների մասին: երբ բացակայության կամ այլ պատճառներով այդ քաղաքացիները չեն կարող ժամանակին իրականացնել իրենց իրավունքների ու շահերի պաշտպանությունը.
ժ) դատական և ոչ դատական փաստաթղթերի հանձնումը կամ դատական հանձնարարությունների կամ էլ ցուցմունքները հանելու վերաբերյալ հանձնարարությունների կատարումը հավատարմագրող պետության դատարանների համար` գործող միջազգային համաձայնագրերին համապատասխան կամ նման համաձայնագրերի բացակայության դեպքում, ցանկացած այլ կարգով, որը չի հակասում նստավայր պետության օրենքներին և կանոններին.
ժա) հավատարմագրող պետության ազգությունն ունեցող նավերի, այդ պետության մեջ գրանցված ինքնաթիռների, ինչպես նաև դրանց անձնակազմի նկատմամբ վերահսկողության և տեսչության հավատարմագրող պետության օրենքներով և կանոններով նախատեսվող իրավունքների իրականացումը.
ժբ) օգնություն ցույց տալը սույն հոդվածի «ժա» կետում հիշատակված նավերին և ինքնաթիռներին, և դրանց անձնակազմին, նավերի նավարկության վերաբերյալ դիմումների ընդունումը, նավի փաստաթղթերի զննումն ու ձևակերպումը և առանց նստավայր պետության իշխանությունների իրավունքներին վնաս հասցնելու ճանապարհին տեղի ունեցած ամեն մի պատահարի հետաքննությունը և կապիտանի, հրամանատարական կազմի և նավաստիների միջև ամեն կարգի վիճակի լուծումը, քանի որ դա նախատեսվում է հավատարմագրող պետության օրենքներով և կանոններով.
ժգ) հավատարմագրող պետության կողմից հյուպատոսական հիմնարկի վրա դրված այլ ֆունկցիաների կատարումը, որոնք չեն արգելվում նստավայր պետության օրենքներով և կանոններով կամ որոնց կատարման դեմ նստավայր պետությունը առարկություն չունի կամ որոնք նախատեսվում են հավատարմագրող պետության և նստավայր պետության միջև գործող միջազգային պայմանագրերով: