Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 1 Սահմանումներ
1. Սույն Կոնվենցիայի մեջ բերված ներքոհիշյալ դարձվածքներն ունեն հետևյալ նշանակությունը.
ա) «հյուպատոսական հիմնարկ» նշանակում է ցանկացած գլխավոր հյուպատոսություն, հյուպատոսություն, փոխհյուպատոսություն կամ հյուպատոսական գործակալություն.
բ) «հյուպատոսական տարածաշրջան» նշանակում է այն շրջանը, որը հյուպատոսական հիմնարկի համար առանձնացված է հյուպատոսական ֆունկցիաներ կատարելու համար.
գ) «հյուպատոսական հիմնարկի ղեկավար» նշանակում է այն անձը, որին հանձնարարված է գործելու այդ պաշտոնում.
դ) «հյուպատոսական պաշտոնատար անձ» նշանակում է ցանկացած անձ, ներառյալ նաև հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, որին հանձնարարված է այդ պաշտոնում հյուպատոսական ֆունկցիաների կատարում.
ե) «հյուպատոսության ծառայող» նշանակում է հյուպատոսական հիմնարկում վարչական կամ տեխնիկական պարտականություններ կատարող ցանկացած անձ.
զ) «սպասարկման անձնակազմի աշխատող» նշանակում է հյուպատոսական հիմնարկում սպասարկման պարտականություններ կատարող ցանկացած անձ.
է) «հյուպատոսական հիմնարկի աշխատողներ» նշանակում են հյուպատոսական պաշտոնատար անձինք, հյուպատոսական ծառայողներ և սպասարկող անձնակազմի աշխատողներ.
ը) «հյուպատոսական անձնակազմի աշխատողներ» նշանակում են հյուպատոսական պաշտոնատար անձինք (բացառությամբ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի), ինչպես նաև հյուպատոսական ծառայողներ և սպասարկման անձնակազմի աշխատողներ.
թ) «մասնավոր տնային աշխատող» նշանակում է հյուպատոսական հիմնարկի աշխատողի մոտ բացառապես մասնավոր ծառայության մեջ գտնվող անձ.
ժ) «հյուպատոսական շենքեր» նշանակում են բացառապես հյուպատոսական հիմնարկի նպատակների համար օգտագործվող շենքերը կամ շենքերի մի մասը և տվյալ շենքը կամ շենքի մի մասը սպասարկող հողակտորը, ում էլ որ պատկանելիս լինի դրանց սեփականության իրավունքը.
ժա) «հյուպատոսական արխիվները» իրենց մեջ ներառում են բոլոր թղթերը, փաստաթղթերը, գրքերը, ֆիլմերը, ձայնագրված ժապավենները և հյուպատոսական հիմնարկի գրանցման մատյանները` ծածկագրերով և կոդերով, քարտարաններով և դրանց անվթարության կամ պահպանման համար նախատեսված կահավորանքի ցանկացած առարկաներով հանդերձ:
2. Գոյություն ունի հյուպատոսական պաշտոնատար անձանց երկու կարգ` հյուպատոսական հաստիքային պաշտոնատար անձինք և հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձինք: Սույն Կոնվենցիայի 2-րդ գլխի դրույթները տարածվում են այն հյուպատոսական հիմնարկների վրա, որոնք ղեկավարվում են հաստիքային հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից, 3-րդ գլխի դրույթները տարածվում են այն հյուպատոսական հիմնարկների վրա, որոնք ղեկավարվում են պատվավոր հյուպատոսական պաշտոնական անձանց կողմից:
3. Հյուպատոսական հիմնարկների այն աշխատողների կարգավիճակը, որոնք նստավայր պետության քաղաքացիներ են կամ մշտապես բնակվում են այդ պետության մեջ, կարգավորվում է սույն Կոնվենցիայի 71 հոդվածով: