Հոդված 50. ԱԶԱՏՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԻՑ և ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՑ
Հոդված 50 ԱԶԱՏՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԻՑ և ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՑ
1. Նստավայր պետությունը` նրանում ընդունված օրենքներին և կանոններին համապատասխան թույլատրում է ներմուծել և ազատում է բոլոր մաքսային տուրքերից, հարկերից ու դրա հետ կապված գանձումներից, բացառությամբ պահպանման, տեղափոխման և նման կարգի ծառայությունների համար կատարվող գանձումների`
ա) հյուպատոսական հիմնարկի պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաները,
բ) հյուպատոսական պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի` նրա հետ միասին ապրող անդամների անձնական օգտագործման համար նախատեսված առարկաները, ներառյալ այն առարկաները, որոնք նախատեսված են նրա առտնին օգտագործման համար:
Սպառողական ապրանքների քանակությունը չպետք է գերազանցի համապատասխան անձանց կողմից անմիջական սպառման համար անհրաժեշտից:
2. Հյուպատոսական ծառայողները օգտվում են սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված արտոնություններից և ազատումներից այն առարկաների նկատմամբ, որոնք նրանք ներմուծել են սկզբնական տեղավորման ժամանակ:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների` նրանց հետ միասին ապրող անդամների անձնական ուղեբեռը, որը ուղևորվում է այդ անձանց հետ միասին, ազատվում է զննությունից: Այդ ուղեբեռը կարող է զննության ենթարկվել միայն այն դեպքում, եթե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նրանում պարունակվում են այլ կարգի առարկաներ, քան սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշվածները, կամ էլ առարկաներ, որոնց ներմուծումը և արտահանումը արգելված են նստավայր պետության օրենքներով և կանոններով կամ էլ առարկաներ, որոնք ենթակա են նրա կարանտինային օրենքների և կանոնների գործողությանը: Այդ զննությունը պետք է տարվի համապատասխան պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամի ներկայությամբ: