Հոդված 54. ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 54 ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Եթե հյուպատոսական պաշտոնատար անձը իր նշանակման վայրը ուղևորվելիս կամ իր պաշտոնատեղը վերադառնալիս, կամ էլ հավատարմագրող պետություն վերադառնալիս երթևեկում է երրորդ պետության տարածքով կամ գտնվում է իրեն վիզա (եթե այն անհրաժեշտ է) տված երրորդ պետության տարածքում, այդ երրորդ պետությունը նրան տրամադրում է սույն Կոնվենցիայի այլ հոդվածներով նախատեսված բոլոր այն իմունիտետները, որոնք կարող են պահանջվել նրա երթևեկությունը կամ վերադարձը ապահովելու համար: Դա տարածվում է նրա ընտանիքի` նրա հետ միասին ապրող և այդպիսի արտոնություններից ու իմունիտետներից օգտվող անդամների վրա, երբ նրանք ուղևորվում են հյուպատոսական պաշտոնատար անձի հետ միասին կամ առանձին` նրան միանալու կամ հավատարմագրող պետություն վերադառնալու նպատակով:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պարագաներում երրորդ պետությունները չպետք է խոչնդոտեն իրենց պետության տարածքով հյուպատոսական հիմնարկի այլ աշխատողների և նրանց հետ միասին ապրող նրանց ընտանիքի անդամների երթևեկելուն:
3. Երրորդ պետությունները տրանզիտով պաշտոնական փոստային առաքումների և այլ պաշտոնական հաղորդագրությունների համար, ներառյալ կոդավորված կամ ծածկագիր ուղերձները, պետք է ապահովեն նույնպիսի ազատություն և պաշտպանություն, ինչպիսիք սույն Կոնվենցիային համապատասխան պետք է տրամադրվեն նստավայր պետության կողմից: Նրանք պետք է հյուպատոսական ցրիչներին, որոնց տրված են վիզաներ (եթե այդպիսիք անհրաժեշտ են ), ինչպես և տրանզիտով ուղևորվող հյուպատոսական վալիզներին տրամադրեն նույնպիսի անձեռնմխելիություն և պաշտպանություն, ինչպիսիք սույն Կոնվենցիային համապատասխան պարտավոր է տրամադրել նստավայր պետությունը:
4. Երրորդ պետությունների` սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նախատեսված պարտականությունները տարածվում են նաև այդ կետերում համապատասխանաբար հիշատակված անձանց և այն պաշտոնական հաղորդագրությունների և հյուպատոսական վալիզի վրա, որոնց գտնվելը երրորդ պետության տարածքում պայմանավորված է ֆորս մաժորային հանգամանքներով: