Հոդված 27. Համապատասխան միջազգային համաձայնագրերի բացակայության դեպքում փոխադարձ աջակցության մասին հարցումներին վերաբերող ընթացակարգեր
Հոդված 27. Համապատասխան միջազգային համաձայնագրերի բացակայության դեպքում փոխադարձ աջակցության մասին հարցումներին վերաբերող ընթացակարգեր
1. Այն դեպքերում, երբ հարցում կատարած և հարցվող Կողմերի միջև չկա միասնականացման կամ փոխադարձաբար պարտավորեցնող օրենսդրության հիման վրա կնքված աջակցության մասին գործող պայմանագիր կամ համաձայնագիր, պետք է կիրառվեն սույն հոդվածի 2-րդից 9-րդ կետերի դրույթները: Սույն հոդվածի դրույթները չպետք է կիրառվեն, երբ գոյություն ունի նման պայմանագիր, պայմանավորվածություն կամ օրենսդրություն, և եթե համապատասխան Կողմերը չհամաձայնեն կիրառել սույն հոդվածի ցանկացած կամ բոլոր կետերը դրանց փոխարեն:
2. ա) Յուրաքանչյուր Կողմ պետք է նշանակի կենտրոնական մարմին կամ մարմիններ, որոնք պատասխանատու կլինեն փոխադարձ աջակցության մասին հարցումների ուղարկման և դրանց պատասխանելու, նման հարցումների կատարման կամ դրանք կատարելու համար իրավասու մարմիններին փոխանցելու համար:
բ) Կենտրոնական մարմինները պետք է ուղղակիորեն հաղորդակցվեն միմյանց հետ:
գ) Յուրաքանչյուր Կողմ պետք է ստորագրման կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու իր փաստաթղթերը ի պահ հանձնելու ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին փոխանցի սույն պարբերության կատարման համար նշանակված մարմինների անուններն ու հասցեները:
դ) Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է ստեղծի և անընդհատ նորացնի Կողմերի կողմից նշանակված կենտրոնական մարմինների ցանկը: Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ ցանկում պարունակվող մանրամասները միշտ ճշգրիտ լինեն:
3. Սույն հոդվածի շրջանակներում փոխադարձ աջակցության մասին հարցումները պետք է կատարվեն հարցում կատարած Կողմի կողմից սահմանված ընթացակարգերին համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք անհամատեղելի են հարցվող Կողմի օրենսդրության հետ:
4. Հարցվող Կողմը կարող է, ի լրումն 25-րդ հոդվածի 4-րդ կետում սահմանված մերժման հիմքերի, մերժել աջակցության ցուցաբերումը, եթե.
ա) հարցումը վերաբերում է այնպիսի հանցանքի, որը հարցվող Կողմը համարում է քաղաքական հանցագործություն կամ քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործություն, կամ
բ) համարում է, որ հարցման կատարումը ենթադրում է իր ինքնավարության, անվտանգության, հասարակական կարգի կամ այլ կարևոր շահերի խախտում:
5. Հարցվող Կողմը կարող է հետաձգել հարցման հետ կապված գործողությունները, եթե նման գործողությունները կարող են վնասել իր մարմինների կողմից իրականացվող քրեական հետաքննությանը կամ հետապնդմանը:
6. Աջակցությունը մերժելուց կամ հետաձգելուց առաջ հարցվող Կողմը պետք է, հարցում կատարած Կողմի հետ նպատակահարմարության դեպքում խորհրդակցելով, որոշի, թե կարո՞ղ է արդյոք հարցումը կատարվել մասամբ կամ որպես նման պայմանների առարկա, եթե դա անհրաժեշտ է:
7. Հարցվող Կողմը պետք է անմիջապես տեղեկացնի հարցում կատարած Կողմին աջակցության մասին հարցման կատարման արդյունքների մասին: Հարցման կատարման հետաձգման կամ մերժման ցանկացած հիմք պետք է պատճառաբանվի: Հարցվող Կողմը պետք է նաև տեղեկացնի հարցում կատարած Կողմին հարցման կատարումն անհնար դարձնող կամ այն էապես հետաձգող պատճառների մասին:
8. Հարցնող Կողմը կարող է խնդրել, որ հարցվող Կողմը գաղտնի պահի սույն գլխին համապատասխան արված ցանկացած հարցման փաստ, ինչպես նաև դրա առարկան` բացառությամբ դրա կատարման համար խիստ անհրաժեշտ սահմանների: Եթե հարցվող Կողմը չի կարող բավարարել գաղտնիության մասին խնդրանքը, նա պետք է անմիջապես տեղեկացնի հարցում կատարած Կողմին, որն այնուհետև պետք է որոշի, այնուամենայնիվ, կատարե՞լ հարցումը, թե ոչ:
9. ա) Հրատապության դեպքում փոխադարձ աջակցության կամ դրա հետ կապված հաղորդակցության հարցումները կարող են հարցում կատարած Կողմի դատական մարմիններից անմիջականորեն ուղարկվել հարցվող Կողմի դատական մարմիններին: Ցանկացած նման դեպքում հարցում կատարած Կողմի կենտրոնական մարմինը պետք է միաժամանակ հարցման պատճենը ուղարկի հարցվող Կողմի կենտրոնական մարմին:
բ) Սույն կետի շրջանակներում ցանկացած հարցում կամ հաղորդում պետք է արվի Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) միջոցով:
գ) Այն դեպքերում, երբ հարցումը արվում է սույն հոդվածի «ա» ենթակետին համապատասխան, և մարմիններն իրավասու չեն զբաղվելու այդ հարցմամբ, նրանք պետք է վերահասցեագրեն տվյալ հարցումը իրավասու ազգային մարմիններին և ուղղակիորեն դրա կատարման մասին տեղեկացնեն հարցում կատարած Կողմին:
դ) Այս կետի շրջանակներում արված հարցումները կամ հաղորդակցությունները, որոնք չեն ներառում պարտադրող գործողություն, կարող են հարցում կատարած Կողմի իրավասու մարմինների կողմից ուղղակիորեն փոխանցվել հարցվող Կողմի իրավասու մարմիններին:
ե) Յուրաքանչյուր Կողմ կարող է ստորագրման կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու իր փաստաթղթերը ի պահ հանձնելու ժամանակ տեղեկացնել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին այն մասին, որ սույն պարբերության շրջանակներում արված հարցումները հասցեագրվեն իր կենտրոնական իշխանությանը` արդյունավետության նպատակով: