Հոդված 138.7. Երևանի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունքը
Հոդված 138.7. Երևանի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունքը
1. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Երևանի ավագանու անդամների թեկնածուները կարող են առաջադրվել կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակով:
Թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակով:
2. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության նախընտրական դաշինք կազմավորվելու դեպքում:
3. Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները չեն կարող ընդգրկվել այլ կուսակցությունների դաշինքում:
4. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու և դաշինքի կազմավորման մասին որոշումն ընդունվում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշմամբ:
5. Կուսակցությունների դաշինքը կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացնում դաշինքի թեկնածուների միասնական ընտրական ցուցակ` դրան կցելով միասնական ցուցակի հիմք հանդիսացող` դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի առանձին ընտրական ցուցակը և ընտրական ցուցակի գրանցման համար անհրաժեշտ` սույն օրենսգրքով սահմանված մյուս փաստաթղթերը:
6. Կուսակցությունների դաշինքը գրանցվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետներում:
7. Կուսակցությունների դաշինքից (այսուհետ` կուսակցություն) որևէ կուսակցության դուրս գալու դեպքում այդ կուսակցության ներկայացրած թեկնածուները հանվում են ցուցակից:
(138.7-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-6-Ն)