Հոդված 17.1. Ընտրատարածքները
Հոդված 17.1 . Ընտրատարածքները
1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորվում են Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորական տեղերի թվին հավասար ընտրատարածքներ:
2. Ընտրատարածքները կազմավորում և համարակալում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության ընտրողների ազգային գրանցամատյանում ընդգրկված ընտրողների թվի հիման վրա:
3. Ընտրատարածքները կազմում են միասնական տարածք: Չի թույլատրվում մեկ ընտրատարածքում ընդգրկել ոչ սահմանակից տեղամասեր:
4. Յուրաքանչյուր ընտրատարածքի սահմանները որոշվում են այնպես, որ կազմավորված բոլոր ընտրատարածքներում ընդգրկված լինեն մոտավորապես նույն թվով ընտրողներ՝ հաշվի առնելով տարածքի աշխարհագրական, տեղագրական և ֆիզիկական առանձնահատկությունները, հաղորդակցության միջոցների առկայությունը, գոյություն ունեցող սոցիալական և վարչական գործոնները, ընդ որում՝ վերը թվարկված գործոններով պայմանավորված շեղումը յուրաքանչյուր ընտրատարածքի համար չպետք է գերազանցի ընտրելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թվի և ընտրատարածքների թվի հարաբերության 10 տոկոսը, իսկ բացառիկ դեպքերում՝ 15 տոկոսը: Եթե ընտրատարածքում ընտրողների թվի և ընտրողների ընդհանուր թվի ու ընտրատարածքների թվի հարաբերության տարբերությունը՝ բացարձակ արժեքով, գերազանցում է ընտրողների ընդհանուր թվի ու ընտրատարածքների թվի հարաբերության 10 տոկոսը, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշման մեջ պարտավոր է մատնանշել տվյալ որոշումը կայացնելու համար հիմք ծառայած բոլոր գործոնները և հիմնավորել դրանց ազդեցությունը:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարակալված ընտրատարածքների ցուցակը և գծապատկերը հրապարակում է պաշտոնական տեղեկագրում, իր ինտերնետային կայքում և առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում, սույն օրենսգրքով սահմանված ընտրատարածքների թվի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:
6. Ազգային ժողովի` արտահերթ կամ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ ընտրատարածքների սահմանները փոփոխության չեն ենթարկվում:
7. Ընտրատարածքների կազմավորման և համարակալման մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
(17.1-ին հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ. 18.12.07 ՀՕ-285-Ն)
(3.1-ին գլուխը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն)