Հոդված 9. Ընտրողների ցուցակներ կազմելը և վարելը
Հոդված 9. Ընտրողների ցուցակներ կազմելը և վարելը
1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմում և վարում է քաղաքացիների՝ ըստ բնակության վայրի հաշվառումն իրականացնող Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոuտիկանությունը (այuուհետ` լիազոր մարմին):
2. Ընտրողների ցուցակը մշտապես վարվող փաստաթուղթ է, որի` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխանության համար պատասխանատու է լիազոր մարմինը:
3. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմում և վարում է ըստ մարզերի և համայնքների` որպես մեկ միասնական ցուցակ, այն է՝ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստր (ընտրողների ազգային գրանցամատյան):
4. Համայնքների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների, քաղաքացիական կացության ակտերի գրանցումն իրականացնող մարմինների և կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների ղեկավարները ընտրողների ցուցակը կազմելու և վարելու համար լիազոր մարմնին տրամադրում են անհրաժեշտ տեղեկություններ:
5. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով ընտրողների ցուցակներ կազմում են նաև կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների և Հայաստանի Հանրապետության զինվորական մասերի ղեկավարները:
6. Լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հուլիս և հունվար ամիսներին, ճշգրտում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը և այն, ըստ համայնքների և ըստ մարզերի, իսկ համապետական ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից առնվազն 41 օր առաջ՝ նաև ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքի մշտական և անբաժանելի մասն է, որտեղ ըստ մարզերի և ըստ համայնքների, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև ըստ ընտրական տեղամասերի, տեղադրվում են ընտրողների` սույն օրենսգրքի 11 հոդվածի 2-րդ կետով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխանող ցուցակները:
(9-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, փոփ., խմբ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-79-Ն)