Հոդված 57. Քվեաթերթիկը լրացնելու կարգը և քվեարկության ծրարը կնքելը
Հոդված 57. Քվեաթերթիկը լրացնելու կարգը և քվեարկության ծրարը կնքելը
(վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
1. Քվեաթերթիկում ընտրողը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվան դիմաց, որին կողմ է քվեարկում:
2. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում ընտրողը, եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «կողմ եմ» բառերի, եթե դեմ՝ «դեմ եմ» բառերի դիմաց:
3. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեարկության խցիկում քվեաթերթիկը ծալում է, տեղավորում քվեարկության ծրարի մեջ և մոտենում քվեատուփին: Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը կնքում է քվեարկության ծրարը, բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու համար: Համապետական ընտրությունների դեպքում քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի առկայությունն ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթղթի վերջին էջը դրոշմակնքելուց հետո: Եթե ընտրողի անձը հաստատող փաստաթղթում առկա է տվյալ ընտրությանը մասնակցելու մասին դրոշմակնիք, ապա հանձնաժողովը հանում է քվեաթերթիկը քվեարկության ծրարից, ծրարը վերադարձվում է քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող հանձնաժողովի անդամին, իսկ քվեաթերթիկը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, անհապաղ մարվում է: Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը իր նախաձեռնությամբ կամ վստահված անձի պահանջով կարող է համոզվել ընտրողի` տվյալ տեղամասում հաշվառված լինելու մեջ: Քվեատուփի մեջ քվեարկության ծրարը գցելուց հետո ընտրողը դուրս է գալիս տեղամասային կենտրոնից:
Միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում ընտրողը յուրաքանչյուր քվեաթերթիկ տեղավորում է այդ քվեարկության համար նախատեսված ծրարում:
4. (կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
5. Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկել:
6. Քվեարկության ընթացքում սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտման բոլոր դեպքերը հանձնաժողովի մեկ անդամի կամ մեկ վստահված անձի պահանջով, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումներն արձանագրվում են գործավարության մատյանում։
(57-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, խմբ., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն, լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն)