Հոդված 27.1. Վստահված անձի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները
Հոդված 27.1. Վստահված անձի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները
1. Վստահված անձը իրավունք ունի՝
1) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քվեարկության ընթացքում ներկա գտնվելու քվեարկության սենյակում.
2) ծանոթանալու ընտրական փաստաթղթերին, այդ թվում՝ դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի տված համապատասխան տեղեկանքին.
3) ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, արձանագրություններին, ստանալու դրանց պատճենները, կատարելու քաղվածքներ, նույն կարգով ծանոթանալու քվեարկած քվեաթերթիկներին: Որոշումների, արձանագրությունների, գրանցամատյանի գրառումների պատճենները և քաղվածքները պետք է կնքեն և ստորագրեն հանձնաժողովի նախագահը (տեղակալը) և քարտուղարը: Տեղամասային ընտրական հանձնաժողովից ստացված փաստաթղթերը կնքվում են միայն քվեարկության օրը.
4) բողոքարկելու հանձնաժողովների որոշումները, գործողությունները, անգործությունը.
5) կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հետևելու քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին.
6) չմիջամտելով հանձնաժողովի անդամի աշխատանքներին` ֆիզիկապես ներկա գտնվելու հանձնաժողովի՝ ընտրողների գրանցում իրականացնող, քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող անդամների, քվեարկության ծրարները կնքող և քվեատուփը հսկող անդամի կողքին և հետևելու նրանց աշխատանքներին.
6.1) քվեարկության օրը հետևել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ.
7) քվեարկության արդյունքները ամփոփելիս ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու քվեարկած քվեաթերթիկներին և դրանցում կատարված նշումներին, ներկա գտնվելու քվեաթերթիկների հաշվարկմանը և քվեարկության արդյունքների ամփոփմանը.
8) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Վստահված անձը իր լիազորություններն իրականացնում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:
3. Ընտրական հանձնաժողովի նիստին (խորհրդակցական ձայնի իրավունքով) և քվեարկության ընթացքում կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) մեկական վստահված անձ:
4. Վստահված անձի իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում։ Ոչ ոք, այդ թվում` ընտրական հանձնաժողովները, իրավունք չունեն վստահված անձանց դուրս հանելու քվեարկության սենյակից կամ ցանկացած այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբ նրանց ձերբակալելու կամ կալանավորելու դեպքերի:
5. Վստահված անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի և արդյունքների ամփոփման վերաբերյալ իր հայտնած կարծիքի համար։
(27.1-ինհոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, խմբ., փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)