Հոդված 36. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը
Հոդված 36. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը
(վերնագիրը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները նշանակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից` կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով` մասնագիտական դասընթացներին մասնակցած և համապատասխան որակավորում ստացած անձանցից, բացառությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ դատական ծառայողների, որոնք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակում են դատական ծառայողների կազմից: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր լիազորությունները ստանձնելու պահից տասնհինգ օր հետո:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Եթե մինչև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչև սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է Հանրապետության Նախագահը` դատական ծառայողների կազմից:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կազմավորող մարմինների առաջարկությունների հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմը` առաջարկությունը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում, սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների տվյալները ներկայացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումից առնվազն 10 օր առաջ, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկօրյա ժամկետում այդ տվյալները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ:
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը:
4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին, տեղակալին և քարտուղարին ընտրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` հանձնաժողովի անդամների կազմից, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստում:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստն սկսվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման օրը` ժամը 12.00-ին:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը վարում է հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածությունների առաջադրման իրավունքը պատկանում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին:
6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարն ընտրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով:
7. Սահմանված կարգով և ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում հանձնաժողովի նախագահին նշանակում է կառավարությունը` տվյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներից, եռօրյա ժամկետում:
8. (կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
(36-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց., խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)