Հոդված 40. Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելը
Հոդված 40. Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելը
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու վերաբերյալ դիմումները, այդ թվում` քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմումները, ներկայացվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու վերաբերյալ դիմումները ներկայացվում են վարչական դատարան, բացառությամբ Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը), բացառությամբ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների, կարող են բողոքարկվել վարչական դատարան:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի վերացնելու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` սույն օրենսգրքի պահանջներին հակասող որոշումը և հարցի վերաբերյալ ընդունելու համապատասխան որոշում, որը ենթակա է պարտադիր կատարման ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից: Սույն կետի պահանջը չի տարածվում Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավոր, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար կամ ավագանու անդամ ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների վրա:
Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կարող է այդ տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչել: Սույն կետով սահմանված կարգով տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում տվյալ փաստի կապակցությամբ առկա նյութերը կենտրոնական ընտրական կամ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացվում են դատախազություն` քրեական գործ հարուցելու նպատակով:
5. Ընտրական հանձնաժողովի որոշումները, ընտրական հանձնաժողովի և (կամ) հանձնաժողովի պաշտոնատար անձի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 9-րդ կետերով սահմանված դեպքերի:
6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմումները կարող են ներկայացվել միայն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը՝ մինչև ժամը 14.00-ն:
7. Ընտրություններ նշանակվելուց հետո՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ընտրական հանձնաժողովները ստացված դիմումներին պատասխանում, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունում հնգօրյա ժամկետում: Քվեարկության օրվան կամ ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետին նախորդող 5 օրերի ընթացքում ստացված դիմումները քննարկվում և սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում համապատասխանաբար մինչև քվեարկության օրը կամ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը:
8. (կետն ուժը կորցրել է 18.12.07 ՀՕ-285-Ն)
9. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների, լուծում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը:
10. (կետն ուժը կորցրել է 18.12.07 ՀՕ-285-Ն)
11. (կետն ուժը կորցրել է 18.12.07 ՀՕ-285-Ն)
12. (կետն ուժը կորցրել է 18.12.07 ՀՕ-285-Ն)
13. Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվն արձանագրվում է որպես տեղամասում անճշտությունների չափ, և այն սույն օրենսգրքով սահմանված կարգով հաշվի է առնվում ընտրությունների արդյունքներն ամփոփելիս:
(40-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն, լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն, փոփ. 18.12.07 ՀՕ-285-Ն)