Հոդված 14
Հոդված 14
Կոնվենցիայի դրույթների կատարումն ապահովելու նպատակով
Կոմիտեի կողմից ձեռնարկվող միջոցները
1. ա/ Եթե սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան՝ Կառավարությունների կողմից տրամադրված կամ Միավորված ազգերի կազմակերպության կամ մասնագիտացված հաստատությունների կամ տվյալ հարցում իրավասու և Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության 71-րդ հոդվածին համապատասխան՝ Տնտեսական և սոցիալական խորհրդում խորհրդակցական կարգավիճակ ունեցող կամ Խորհրդի հետ ձեռքբերված հատուկ պայմանավորվածության հիման վրա այդպիսի կարգավիճակից օգտվող այլ միջկառավարական կամ միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկությունների` այդ տեղեկությունները Կոմիտեի առաջարկությամբ Հանձնաժողովի կողմից հաստատված լինելու դեպքում` ուսումնասիրման արդյունքում Կոմիտեն օբյեկտիվ պատճառներ ունի համարելու, որ սույն Կոնվենցիայի նպատակների իրագործումը լուրջ վտանգի տակ է որևէ Կողմի, երկրի կամ տարածքի կողմից դրա դրույթներին չհետևելու պատճառով, Կոմիտեն իրավունք ունի շահագրգիռ Կառավարությանն առաջարկել խորհրդակցություններ կազմակերպել և բացատրություններ ներկայացնել: Եթե սույն Կոնվենցիայի դրույթները կատարող որևէ Կողմ, երկիր կամ տարածք դարձել է թմրամիջոցների ապօրինի մշակման, արտադրության, պատրաստման, շրջանառության կամ օգտագործման կենտրոն, կամ եթե առկա են լուրջ վտանգի ապացույցներ, որ տվյալ Կողմը, երկիրը կամ տարածքը կարող են դառնալ այդպիսի կենտրոն, Կոմիտեն իրավունք ունի շահագրգիռ Կառավարությանն առաջարկել խորհրդակցություններ կազմակերպել: Պահպանելով Կողմերի, Խորհրդի և Հանձնաժողովի ուշադրությունը սույն հոդվածի դ/ ենթակետում նշված հարցին հրավիրելու իր իրավունքը, Կոմիտեն տվյալ Կառավարության կողմից տեղեկություններ կամ պարզաբանումներ տրամադրելու պահանջը կամ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկությունը և սույն ենթակետին համապատասխան՝ Կառավարության հետ անցկացվող խորհրդակցությունները դիտարկում է որպես գաղտնի:
բ/ ա/ ենթակետով նախատեսված միջոցները ձեռնարկելուց հետո, Կոմիտեն անհրաժեշտության դեպքում կարող է շահագրգիռ Կառավարությանն առաջարկել ձեռնարկել այնպիսի ուղղիչ միջոցներ, որոնք տվյալ հանգամանքներում անհրաժեշտ են սույն Կոնվենցիայի դրույթների կենսագործման համար:
գ/ Կոմիտեն կարող է, եթե համարում է, որ տվյալ միջոցն անհրաժեշտ է սույն կետի «ա» ենթակետում նշված հարցերից մեկի ուսումնասիրման նպատակով, շահագրգիռ Կառավարությանն առաջարկել անցկացնել այդ հարցի ուսումնասիրությունը իր տարածքում այնպիսի միջոցներով, որոնք տվյալ Կառավարությունը նպատակահարմար կգտնի: Եթե շահագրգիռ Կառավարությունը որոշում է ընդունում նման ուսումնասիրություն անցկացնելու մասին, այն կարող է Կոմիտեին խնդրել իրեն տրամադրել փորձաքննության միջոցներ և համապատասխան իրավասություններով օժտված մեկ կամ ավելի անձանց ծառայություններ` առաջարկված ուսումնասիրությունն անցկացնելու համար տվյալ Կառավարության պաշտոնատար անձանց աջակցություն ցուցաբերելու նպատակով: Անձը կամ անձինք, որոնց Կոմիտեն մտադրված է տրամադրել տվյալ Կառավարությանը, ենթակա են հաստատման տվյալ Կառավարության կողմից: Ուսումնասիրության պայմանները և ժամկետները համաձայնեցվում են Կառավարության և Կոմիտեի միջև: Կառավարությունը Կոմիտեին հայտնում է տվյալ ուսումնասիրության արդյունքների մասին, ինչպես նաև այն միջոցների մասին, որոնք նա անհրաժեշտ է համարում ձեռնարկել:
դ/ Եթե Կոմիտեն համարում է, որ տվյալ Կառավարությունն ի պատասխան սույն հոդվածի ա/ ենթակետի համաձայն կատարված առաջարկության առնչությամբ բավարար պարզաբանումներ չի տվել կամ չի ձեռնարկել ոչ մի ուղղիչ միջոց, ինչպես նրան առաջարկվել է սույն հոդվածի «բ» ենթակետի համաձայն, կամ եթե ստեղծված իրավիճակն այնքան բարդ է, որ այն բարելավելու համար պահանջվում է միջազգային մակարդակի վրա համատեղ միջոցների ձեռնարկում, այն կարող է այդ հարցին հրավիրել Կողմերի, Խորհրդի և Հանձնաժողովի ուշադրությունը: Կոմիտեն այդպես է գործում այն դեպքերում, երբ սույն Կոնվենցիայի նպատակների իրագործումը լուրջ վտանգի տակ է և եթե այդ խնդրի որևէ այլ ուղիով բավարար լուծումը հնարավոր չէր: Կոմիտեն այդպես է գործում նաև այն դեպքերում, երբ ստեղծված իրավիճակն այնքան բարդ է, որ այն բարելավելու համար պահանջվում է միջազգային մակարդակի վրա համատեղ միջոցների ձեռնարկում և որ այդ իրավիճակի մասին Կողմերին, Խորհրդին և Հանձնաժողովին տեղյակ պահելը հանդիսանում է այդպիսի համատեղ միջոցառումների իրականացմանն օժանդակելու առավել նպատակահարմար միջոցը: Կոմիտեի և առկայության դեպքում նաև տվյալ հարցի վերաբերյալ Հանձնաժողովի զեկույցների քննարկումից հետո, Խորհուրդը կարող է այդ հարցին հրավիրել Գլխավոր ասամբլեայի ուշադրությունը:
2. Կոմիտեն, Կողմերի, Խորհրդի և Հանձնաժողովի ուշադրությունը հրավիրելով որևէ հարցին` սույն հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն, կարող է, եթե համոզված լինի այդ քայլի անհրաժեշտության մեջ, Կողմերին առաջարկել դադարեցնել թմրամիջոցների արտահանումը կամ ներմուծումը կամ և արտահանումը, և ներմուծումը համապատասխան երկրից կամ համապատասխան տարածքից կամ համապատասխան երկիր կամ համապատասխան տարածք որոշակի սահմանված ժամկետով կամ էլ մինչև այն պահը, երբ Կոմիտեն կհամարի տվյալ երկրում կամ տարածքում տիրող իրավիճակը բավարարող: Շահագրգիռ պետությունն այս հարցը կարող է ներկայացնել Խորհրդին:
3. Կոմիտեն իրավունք ունի հրապարակել զեկույցներ սույն հոդվածին համապատասխան քննարկված ցանկացած հարցերի վերաբերյալ և այդ զեկույցներն ուղղել Խորհրդին, որը դրանք Կողմերին է ուղարկում: Եթե Կոմիտեն զեկույցում ընդգրկում է սույն հոդվածին համապատասխան ընդունված որևէ որոշում կամ այդ որոշմանն առնչվող ցանկացած տեղեկատվություն, այն պետք է նաև նույն զեկույցի մեջ ընդգրկի շահագրգիռ Կառավարության տեսակետը, եթե վերջինս այդ մասին խնդրում է:
4. Եթե որևէ դեպքում սույն հոդվածին համապատասխան՝ Կոմիտեի կողմից ընդունված որոշումը միաձայն չի ընդունվում, ապա պետք է ներկայացվեն փոքրամասնության տեսակետները:
5. Ցանկացած պետություն կարող է իր ներկայացուցչին ուղարկել Կոմիտեի այն նիստին, որտեղ, սույն հոդվածի համաձայն, քննարկվում է այդ պետությանն անմիջապես առնչվող հարցը:
6. Սույն հոդվածով նախատեսված Կոմիտեի որոշումներն ընդունվում են վերջինիս անդամների ձայների մեծամասնությամբ` երկու երրորդով: