Անցնել բովանդակությանը

Հոդված 31

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31

Հատուկ դրույթներ միջազգային առևտրի վերաբերյալ

1. Կողմերը գիտակցաբար չեն թույլատրում թմրամիջոցների արտահանումը որևէ երկիր կամ տարածք այլ կերպ, ինչ

ա/ տվյալ երկրի կամ տարածքի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան,

բ/ տվյալ երկրի կամ տարածքի համար կատարված հաշվարկի շրջանակներում, ինչպես սահմանված է 19-րդ հոդվածի 2-րդ կետով` վերաարտահանման համար նախատեսված քանակությունների գումարումով:

2. Կողմերն ազատ նավահանգիստներում և ազատ առևտրի գոտիներում իրականացնում են նույն տեսակի հսկողություն, ինչ իրենց տարածքների այլ մասերում, սակայն այն պայմանով, որ նրանք կարող են կիրառել ավելի խիստ միջոցներ:

3. Կողմերը

ա/ լիցենզիաների տրամադրման միջոցով հսկողություն են իրականացնում, թմրամիջոցների ներմուծման և արտահանման նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է պետական ձեռնարկության կամ պետական ձեռնարկությունների կողմից և

բ/ հսկողություն են իրականացնում թմրամիջոցներ ներմուծող կամ արտահանող, ինչպես նաև ներմուծմանը կամ արտահանմանը մասնակցող անձանց և ձեռնարկությունների նկատմամբ:

4. ա/ Յուրաքանչյուր Կողմ պահանջում է ձեռք բերել արտահանման կամ ներմուծման առանձին թույլտվություն, որը տրվում է արտահանման կամ ներմուծման յուրաքանչյուր առանձին գործարքի դեպքում` անկախ նյութերի անվանումների քանակից,

բ/ այդ թույլտվության մեջ նշվում են. թմրամիջոցի անվանումը, չգրանցված միջազգային անվանումը` եթե այդպիսին կա, արտահանման կամ ներմուծման համար նախատեսված քանակը, արտահանողի կամ ներմուծողի անվանումն ու հասցեն, ինչպես նաև արտահանման կամ ներմուծման ժամկետները,

գ/ արտահանման թույլտվության մեջ, ի թիվս վերը թվարկվածի, նշվում է նաև ներմուծման թույլտվության համարը և տրման ամսաթիվը, ինչպես նաև թույլտվությունը տվող մարմնի անվանումը,

դ/ ներմուծման լիցենզիայով կարող է նախատեսվել մի քանի խմբաքանակներով ներմուծում:

5. Մինչև արտահանման թույլտվություն տալը, Կողմերը պահանջում են ներկայացնել ներմուծման թույլտվությունը, որը տրվում է ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից և հավաստում է, որ դրա մեջ նշված թմրամիջոցի կամ թմրամիջոցների ներմուծումը թույլատրվում է, և այդ թույլտվությունը ներկայացվում է արտահանման թույլտվություն ստանալու նպատակով դիմող անձի կամ ձեռնարկության կողմից: Կողմերը, որքան հնարավոր է, այդ նպատակների համար օգտագործում են Հանձնաժողովի կողմից սահմանված ներմուծման թույլտվության բլանկները:

6. Յուրաքանչյուր արտահանվող խմբաքանակ պետք է ուղեկցվի արտահանման թույլտվության պատճենով, իսկ արտահանման թույլտվությունը տված պետական մարմինները ներմուծող երկրի կամ տարածքի պետական մարմիններին տրված թույլտվության պատճենը:

7. ա/ Ներմուծման ավարտից հետո կամ ներմուծման համար սահմանված ժամկետը լրանալուն պես, ներմուծող երկրի կամ տարածքի պետական մարմինները վերադարձնում են արտահանող երկրի կամ տարածքի պետական մարմիններին արտահանման նշված թույլտվությունը, դրա վրա համապատասխան նշում կատարելով,

բ/ այդ նշումը պետք է ցույց տա փաստացի ներմուծված քանակությունը,

գ/ եթե փաստացի արտահանված քանակությունը արտահանման թույլտվության մեջ նշված քանակությունից պակաս է, ապա նշված թույլտվության, ինչպես նաև դրա պաշտոնապես հաստատված բոլոր պատճենների վրա նշվում է փաստացի արտահանված քանակությունը:

8. Բեռի արտահանումը թույլտվության մեջ նշվածից բացի այլ անձի հասցեով կամ բանկային հաշվեհամարով արգելվում է:

9. Բեռի արտահանումը մաքսային պահեստներ արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ ներմուծող երկրի պետական մարմինները արտահանման թույլտվություն ստանալու համար դիմող անձի կամ ձեռնարկության կողմից ներկայացվող ներմուծման թույլտվության մեջ նշում են, որ թույլատրում են ներմուծվող բեռի պահպանումը մաքսային պահեստում: Այս դեպքում արտահանման թույլտվության մեջ նշվում է, որ տվյալ բեռն արտահանվում է հենց այդ նպատակով: Մաքսային պահեստի տարածքից բեռի բացթողման համար պահանջվում է այն մարմինների թույլտվությունը, որոնց ենթակայության տակ է գտնվում տվյալ մաքսային պահեստը, իսկ բեռն արտասահման ուղարկելու դեպքում դրա բացթողումը սույն Կոնվենցիայի իմաստով դիտարկվում է որպես նոր արտահանում:

10. Առանց ուղեկցող արտահանման թույլտվության որևէ Կողմի տարածք ներկրվող կամ տարածքից դուրս բերվող բեռները ենթակա են ձերբակալման մաքսային մարմինների կողմից:

11. Կողմերը չեն թույլատրում իրենց տարածքով մեկ այլ Կողմի համար նախատեսված որևէ նյութի տարանցիկ փոխադրումը, անկախ նրանից, բեռնաթափվել է տվյալ նյութերի բեռն այն տեղափոխող տրանսպորտային միջոցից, թե ոչ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ Կողմի իրավասու մարմիններին ներկայացվում է բեռի արտահանման թույլտվության պատճենը:

12. Այն երկրի կամ տարածքի իրավասու մարմինները, որի տարածքով թույլատրվում է նյութերով բեռի տարանցիկ փոխադրումը, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխեն տվյալ բեռի փոխադրումը ուղեկցող արտահանման թույլտվության պատճենում նշվածից բացի որևէ այլ երթուղով, բացառությամբ այն դեպքերի, երբ երթուղու փոփոխությունը կատարվում է տարանցիկ փոխադրման երկրի կամ տարածքի պետական մարմինների թույլտվությամբ: Տարանցիկ փոխադրման երկրի կամ տարածքի պետական մարմինները բեռի փոխադրման երթուղին փոխելու մասին ցանկացած դիմումը դիտարկում են որպես արտահանում տարանցիկ փոխադրման երկրից կամ տարածքից նշանակման նոր երկիր կամ տարածք: Եթե երթուղու փոփոխությունը թույլատրվում է, ապա 7-րդ կետի ա/ և բ/ ենթակետերի դրույթները կիրառվում են նաև տարանցիկ փոխադրման երկրի կամ տարածքի և սկզբնական արտահանման երկրի կամ տարածքի հարաբերությունների կարգավորման համար:

13. Տարանցիկ փոխադրման մեջ կամ մաքսային պահեստում գտնվող թմրամիջոցներ պարունակող ոչ մի բեռ չի կարող ենթարկվել այդ թմրամիջոցի բնութագրերը փոփոխող որևէ գործընթացի ազդեցության: Փաթեթավորումը չի կարող փոփոխվել առանց իրավասու մարմինների թույլտվության:

14. 11-13-րդ կետերի դրույթները, որոնք վերաբերում են այս կամ այն Կողմի տարածքով նյութերի փոխադրմանը, չեն կիրառվում այն դեպքերում, երբ տվյալ բեռը տեղափոխվում է օդանավով` պայմանով, որ օդանավը տարանցիկ փոխադրման երկրի կամ տարածքի վրայով ընթանում է առանց վայրէջքի: Եթե օդանավը վայրէջք է կատարում ցանկացած այդպիսի երկրում կամ տարածքում, ապա նշված դրույթները կիրառվում են ըստ առկա հանգամանքների:

15. Սույն հոդվածի դրույթները չեն խախտում որևէ միջազգային համաձայնագրերի դրույթները, որոնցով կարող է սահմանափակվել տարանցվող թմրամիջոցների նկատմամբ Կողմերի հսկողությունը:

16. Բացառությամբ 2-րդ կետի և 1ա ենթակետի, սույն հոդվածը որևէ պահանջներ չի սահմանում 3-րդ ցանկում ընդգրկված պատրաստուկների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։