Հոդված 21
Հոդված 21
Պատրաստման և ներմուծման սահմանափակում
1. Ցանկացած տարվա ընթացքում ցանկացած երկրում կամ տարածքում պատրաստված և դրանց կողմից ներմուծված յուրաքանչյուր թմրամիջոցի ընդհանուր քանակությունները չպետք է գերազանցեն հետևյալ քանակությունների հանրագումարը.
ա/ բժշկական և գիտական նպատակների համար նախատեսված թմրամիջոցների քանակություններ,
բ/ այլ թմրամիջոցների, 3-րդ ցանկում ընդգրկված պատրաստուկների և սույն Կոնվենցիայով չկարգավորվող նյութերի պատրաստման համար նախատեսված թմրամիջոցների քանակություններ,
գ/ արտահանված քանակություններ,
դ/ համապատասխան հաշվարկում նշված մակարդակին հասցնելու նպատակով պահեստային պաշարներին գումարված քանակություն,
ե/ հատուկ նպատակների համար համապատասխան հաշվարկով սահմանված շրջանակներում ձեռքբերված քանակություն:
2. 1-ին կետում նշված քանակությունների հանրագումարից հանվում է բռնագրավված և հետագայում օրինական օգտագործման համար բաց թողնված ցանկացած քանակություն, ինչպես նաև ազգաբնակչության կարիքները բավարարելու նպատակով հատուկ պաշարներից առանձնացված ցանկացած քանակություն:
3. Եթե Կոմիտեն գտնում է, որ ցանկացած տվյալ տարվա ընթացքում արտադրված և ներմուծված քանակությունը գերազանցում է 1-ին կետում նշված քանակությունների հանրագումարը` սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված հանումներով, այս ձևով հաշվարկված և տարեվերջի վրա մնացող մնացորդը հաջորդ տարվա ընթացքում ենթակա է հանման այն քանակություններից, որոնք նախատեսվում է արտադրել և ներմուծել, և հաշվարկների հանրագումարից, ինչպես սահմանվում է 19-րդ հոդվածի 2-րդ կետով:
4. ա/ Եթե ներմուծման և արտահանման վերաբերյալ վիճակագրական տվյալներից /20-րդ հոդված/ հետևում է, որ որևէ երկիր կամ տարածք արտահանված քանակությունը գերազանցում է տվյալ երկրի կամ տարածքի համար սահմանված հաշվարկում նշվածին, ինչպես դա սահմանվում է 19-րդ հոդվածի 2-րդ կետով, գումարած այն քանակությունները, որոնք նշվել են որպես արտահանված և սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան հաշվարկված ցանկացած մնացորդի հանումով, Կոմիտեն կարող է այդ փաստի մասին ծանուցել այն պետություններին, որոնք, իր կարծիքով, պետք է տեղյակ պահվեն այդ մասին,
բ/ ծանուցումն ստանալուն պես, Կողմերն այլևս չեն թույլատրում տվյալ թմրամիջոցի հետագա արտահանումը այդ երկիր կամ տարածք տվյալ տարվա ընթացքում, բացառությամբ.
i) տվյալ երկրի կամ տարածքի համար լրացուցիչ հաշվարկի ներկայացման դեպքում, որը վերաբերում է ինչպես հաշվարկը գերազանցող քանակության ներմուծմանը, այնպես էլ պահանջվող լրացուցիչ քանակության ներմուծմանը, կամ
ii) արտակարգ դեպքերի, երբ արտահանումն արտահանող երկրի Կառավարության կարծիքով անհրաժեշտ է հիվանդների բուժման համար: