Հոդված 24
Հոդված 24
Միջազգային առևտրի համար ափիոնի արտադրության սահմանափակում
1. ա/ Եթե որևէ Կողմ պատրաստվում է հիմնել ափիոնի արտադրություն կամ ընդլայնել գործող արտադրությունը, այն նկատի է առնում առկա ափիոնի միջազգային պահանջարկը` Կոմիտեի կողմից հրապարակված հաշվարկներին համապատասխան, որպեսզի այդ Կողմի արտադրությունը չհանգեցնի աշխարհում ափիոնի գերարտադրությանը:
բ/ Կողմերն արգելում են ափիոնի արտադրությունը կամ գործող արտադրության ընդլայնումը, եթե, իրենց կարծիքով, այդ արտադրությունը կամ արտադրության ընդլայնումն իրենց տարածքում կարող է հանգեցնել ափիոնի ապօրինի շրջանառությանը:
2. ա/ Եթե 1-ին կետի դրույթները կատարող որևէ Կողմ, որը 1961 թվականի հունվարի 1-ի դրությամբ արտահանման համար նախատեսված ափիոն չի արտադրել, ցանկանում է արտահանել իր կողմից արտադրված ափիոնը տարեկան 5 տոննա չգերազանցող քանակությամբ, այն այդ մասին ծանուցում է Կոմիտեին` ներկայացնելով նաև հետևյալ տեղեկությունները.
i) արտահանման նպատակով արտադրվելիք ափիոնի նկատմամբ գործող` սույն Կոնվենցիայի դրույթներով պահանջվող հսկողության համակարգի վերաբերյալ,
ii) այն երկիրը կամ երկրները, որտեղ Կողմը նախատեսվում է արտահանել ափիոնը, և Կոմիտեն կարող է կամ հավանություն տալ այդ ծանուցմանը, կամ տվյալ Կողմին առաջարկել արտահանման նպատակներով ափիոն չարտադրել:
բ/ Այն դեպքերում, երբ որևէ Կողմ, բայց ոչ 3-րդ կետում նշված Կողմերի թվից, ցանկանում է արտահանել իր կողմից արտադրված ափիոնը տարեկան 5 տոննան գերազանցող քանակությամբ, այն այդ մասին ծանուցում է Խորհրդին` ներկայացնելով նաև տվյալ գործին վերաբերող տեղեկությունները, մասնավորապես.
i) արտահանման նպատակով արտադրվելիք քանակության հաշվարկը,
ii) արտադրվելիք ափիոնի նկատմամբ գործող կամ կիրառվելիք հսկողության համակարգը և
iii) այն երկիրը կամ երկրները, որտեղ Կողմը նախատեսում է արտահանել ափիոնը,
և Խորհուրդը կարող է կամ հավանություն տալ այդ ծանուցմանը, կամ տվյալ Կողմին առաջարկել արտահանման նպատակներով ափիոն չարտադրել:
3. Անկախ 2ա և 2բ ենթակետերի դրույթներից, Կողմը, որը 1961 թվականի հունվարի 1-ին անմիջապես նախորդող տասը տարվա ընթացքում արտահանել է այդ երկրի կողմից արտադրված ափիոնը, կարող է շարունակել իր կողմից արտադրվող ափիոնի արտահանումը:
4. ա/ Կողմերն ափիոն չեն ներմուծում որևէ այլ երկրից կամ տարածքից, բացի ափիոնից, որն արտադրվել է.
i) 3-րդ կետում նշված Կողմի երկրում,
ii) 2ա ենթակետով սահմանված կարգով Կոմիտեին ծանուցած Կողմի երկրում,
iii) 2բ ենթակետով սահմանված կարգով Խորհրդի կողմից հավանության արժանացած ծանուցումը ներկայացրած Կողմի երկրում:
բ/ Անկախ սույն կետի «ա» ենթակետի դրույթներից, Կողմերը կարող են ներմուծել այն երկրի կողմից արտադրված ափիոնը, որը 1961թ. հունվարի 1-ին նախորդող տասը տարվա ընթացքում ափիոն է արտադրել և արտահանել, եթե այդ երկիրը հիմնել և պահպանում է 23-րդ հոդվածում սահմանված նպատակներին ծառայող հսկողության պետական մարմին կամ հաստատություն և արդյունավետ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր կողմից արտադրված ափիոնը չմտնի ապօրինի շրջանառության մեջ:
5. Սույն հոդվածի դրույթները Կողմերին չեն խոչընդոտում.
ա/ ափիոն արտադրել սեփական կարիքները հոգալու համար անհրաժեշտ քանակություններով, կամ
բ/ արտահանել ապօրինի շրջանառության մեջ գտնվելու հետևանքով բռնագրավված ափիոնը մեկ այլ Կողմի տարածք` սույն Կոնվենցիայի պահանջներին համապատասխան: