Հոդված 3
Հոդված 3
Նյութերի նկատմամբ հսկողության իրականացման շրջանակների փոփոխություն
1. Եթե Կողմերից որևէ մեկը կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այնպիսի տեղեկություններ ունի, որոնք, իր կարծիքով, կարող են փոփոխություններ պահանջել ցանկերից որևէ մեկում, ապա այն այդ մասին ծանուցում է Գլխավոր քարտուղարին` իրեն տրամադրելով նաև այդ ծանուցումը հիմնավորող տեղեկությունները:
2. Գլխավոր քարտուղարն այդ ծանուցումը, ինչպես նաև բոլոր տեղեկությունները, որոնք, իր կարծիքով, առնչվում են տվյալ հարցին, ուղարկում է Կողմերին, Հանձնաժողովին և, եթե ծանուցումն ստացվում է որևէ Կողմից` Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
3. Այն դեպքերում, երբ ծանուցումը վերաբերում է 1-ին կամ 2-րդ ցանկում դեռ չընդգրկված որևէ նյութի, ապա
i) Կողմերը, հաշվի առնելով իրենց մոտ առկա տեղեկությունները, դիտարկում են տվյալ նյութի նկատմամբ 1-ին ցանկում ընդգրկված նյութերի համար սահմանված միջոցների կիրառման հնարավորությունը,
ii) ընդհուպ մինչև որոշում ընդունելու պահը, ինչպես նախատեսված է սույն կետի 3-րդ ենթակետով, Հանձնաժողովը կարող է սահմանել, որ Կողմերը տվյալ նյութի նկատմամբ 1-ին ցանկում ընդգրկված նյութերի համար սահմանված միջոցների կիրառումը լինի ժամանակավոր: Կողմերը դիտարկվող նյութի նկատմամբ ժամանակավորապես կիրառում են այդ միջոցները,
iii) եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գտնում է, որ տվյալ նյութը կարող է համանման չարաշահման առարկա հանդիսանալ և համանման վնասակար հետևանքներ առաջացնել, ինչպես 1-ին և 2-րդ ցանկում ընդգրկված թմրամիջոցները, կամ կարող է թմրամիջոցի վերափոխվել, ապա այն իր այդ եզրակացության մասին ծանուցում է Հանձնաժողովին, որը կարող է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկին համապատասխան, սահմանել, որ տվյալ նյութը պետք է ընդգրկվի 1-ին կամ 2-րդ ցանկում:
4. Եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գտնում է, որ որևէ պատրաստուկ իր մեջ պարունակող նյութերի շնորհիվ չի կարող չարաշահման առարկա հանդիսանալ կամ վնասակար հետևանքներ առաջացնել /3-րդ կետ/ և որ դրանում պարունակող թմրամիջոցը հնարավոր չէ հեշտությամբ առանձնացնել, Հանձնաժողովը կարող է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկի համապատասխան տվյալ նյութն ընդգրկել 3-րդ ցանկում:
5. Եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գտնում է, որ 1-ին ցանկում ընդգրկված որևէ թմրամիջոց հատկապես կարող է չարաշահման առարկա հանդիսանալ և վնասակար հետևանքներ առաջացնել /3-րդ կետ/ և որ այդ հատկությունը չի փոխհատուցվում զգալի բուժական առավելություններով, որոնցով օժտված չեն այլ նյութերը, բացի 4-րդ ցանկում ընդգրկվածներից, Հանձնաժողովը կարող է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը առաջարկի համապատասխան տվյալ նյութն ընդգրկել 4-րդ ցանկում:
6. Այն դեպքերում, երբ ծանուցումը վերաբերում է 1-ին կամ 2-րդ ցանկում արդեն ընդգրկված որևէ թմրամիջոցի կամ 3-րդ ցանկում ընդգրկված պատրաստուկի, Հանձնաժողովը, բացի 5-րդ կետով նախատեսված միջոցի, կարող է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկին համապատասխան փոփոխություններ կատարել ցանկերի մեջ.
ա/ որևէ թմրամիջոցի տեղափոխմամբ 1-ին ցանկից` 2-րդ ցանկ կամ 2-րդ ցանկից` 1-ին ցանկ, կամ
բ/ ցանկից հեռացնելով որևէ թմրամիջոց կամ պատրաստուկ` կախված դեպքից:
7. Սույն հոդվածին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից ընդունված ցանկացած որոշման մասին Գլխավոր քարտուղարը ծանուցում է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին, Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություն չհանդիսացող սույն Կոնվենցիայի Կողմերին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Կոմիտեին: Որոշումը յուրաքանչյուր Կողմի համար ուժի մեջ է մտնում ծանուցումն ստանալու պահից, և Կողմերը դրանից հետո ձեռնարկում են այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն:
8. ա/ Սույն հոդվածին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները ենթակա են Խորհրդի կողմից վերանայման` Կողմերից որևէ մեկի դիմումի հիման վրա, որը նա ուղղում է այդ որոշման մասին հայտնելու պահից իննսուն օրվա ընթացքում: Վերանայման մասին դիմումը ուղղվում է Գլխավոր քարտուղարին` գործին վերաբերող բոլոր տեղեկությունների հետ մեկտեղ, որոնց վրա է հիմնվում վերանայման մասին դիմումը:
բ/ Գլխավոր քարտուղարը վերանայման մասին դիմումի պատճենները` գործին առնչվող տեղեկությունների հետ մեկտեղ ուղարկում է Հանձնաժողովին, Կոմիտեին և բոլոր Կողմերին, նրանց առաջարկելով իրենց նկատողությունները ներկայացնել իննսուն օրվա ընթացքում: Ստացված բոլոր նկատողությունները ներկայացվում են Խորհրդին` քննարկման համար:
գ/ Խորհուրդը կարող է հաստատել, փոփոխել կամ չեղյալ հայտարարել Հանձնաժողովի որոշումները, և Խորհրդի որոշումը վերջնական է: Խորհրդի որոշման մասին ծանուցագրերն ուղղվում են Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին, Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություն չհանդիսացող սույն Կոնվենցիայի Կողմերին, Հանձնաժողովին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Կոմիտեին:
դ/ Հանձնաժողովի սկզբնական որոշումն ուժի մեջ է մնում մինչև վերանայման ընթացակարգի ավարտը:
9. Սույն հոդվածին համապատասխան՝ ընդունված Հանձնաժողովի որոշումները ենթակա չեն 7-րդ հոդվածով նախատեսված վերանայման ընթացակարգի կիրառման: