Հոդված 9
Հոդված 9
Կոմիտեի կազմը և գործառույթները
1. Կոմիտեն կազմված է տասներեք անդամից, որոնք ընտրվում են Խորհրդի կողմից հետևյալ կարգով.
ա/ երեք անդամ` բժշկական, դեղագիտական կամ դեղագործական փորձով, որոնք ընտրվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ներկայացվող հինգ հոգուց կազմված ցուցակից և
բ/ տասը անդամ` Միավորված ազգերի կազմակերպության անդամ և ոչ անդամ պետությունների կողմից ներկայացված ցուցակից:
2. Կոմիտեի անդամներ պետք է լինեն այնպիսի անձինք, որոնք իրենց հեղինակության, անկողմնակալության և ոչ շահագրգռվածության շնորհիվ կվայելեն համընդհանուր վստահություն: Քանի դեռ նրանք կրում են այդ պաշտոնը, նրանք չպետք է զբաղեցնեն որևէ այլ պաշտոն կամ զբաղվեն որևէ այլ գործունեությամբ, որոնք կարող են վնասել իրենց անկողմնակալությանը պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ: Խորհուրդը Կոմիտեի հետ խորհրդակցելուց հետո, ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` իր գործառույթների կատարման ժամանակ Կոմիտեի լիարժեք տեխնիկական անկախությունն ապահովելու համար:
3. Խորհուրդը, համապատասխան կերպով հաշվի առնելով արդար աշխարհագրական ներկայացուցչության սկզբունքը, նկատի է առնում Կոմիտեի կազմում արդար թվային հարաբերակցությամբ այնպիսի անձանց ընդգրկելը, որոնք քաջ ծանոթ են արտադրող, պատրաստող և սպառող երկրներում թմրամիջոցների հետ կապված իրավիճակի հետ և առնչվում են այդ երկրների հետ:
4. Կոմիտեն, Կառավարությունների հետ համագործակցելով և սույն Կոնվենցիայի դրույթների հիման վրա, ձգտում է սահմանափակել թմրամիջոցների մշակումը, արտադրությունը, պատրաստումը և օգտագործումը բժշկական և գիտական նպատակների համար անհրաժեշտ բավարար քանակով, ապահովել դրանց մատչելիությունը այդ նպատակների համար և կանխարգելել թմրամիջոցների ապօրինի մշակումը, արտադրությունը, պատրաստումը, օգտագործումը և շրջանառությունը:
5. Կոմիտեի կողմից սույն Կոնվենցիային համապատասխան կիրառվող միջոցները պետք է լիովին համապատասխանեն Կառավարությունների և Կոմիտեի միջև համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակներին և դրանց միջև մշտական երկխոսության մեխանիզմի կայացման սկզբունքին, որը կնպաստի և կօժանդակի սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման համար անհրաժեշտ արդյունավետ միջոցների կիրառմանը: