Հոդված 30
Հոդված 30
Վաճառք և տարածում
1. ա/ Կողմերը պահանջում են, որ թմրամիջոցների վաճառքը և տարածումը իրականացվի լիցենզիաների հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ վաճառքը կամ տարածումն իրականացվում է պետական ձեռնարկության կամ պետական ձեռնարկությունների կողմից:
բ/ Կողմերը.
i) հսկողություն են իրականացնում թմրամիջոցներ վաճառող կամ տարածող, ինչպես նաև դրանց վաճառքին կամ տարածմանը մասնակցող անձանց և ձեռնարկությունների նկատմամբ,
ii) լիցենզիաների տրամադրման միջոցով հսկողություն են իրականացնում այն տարածքների կամ ձեռնարկությունների նկատմամբ, որտեղ կարող է տեղի ունենալ այդպիսի վաճառք կամ տարածում: Պատրաստուկների արտադրության համար լիցենզիաների պահանջ չի ներկայացվում:
գ/ Լիցենզիաների վերաբերյալ «ա» և «բ» ենթակետերի դրույթները կարող են չկիրառվել բժշկական և գիտական գործունեություն իրականացնելու համար համապատասխան թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ, այդ թվում` այդ գործունեության իրականացման ժամանակ:
2. Կողմերը նաև`
ա/ թույլ չեն տալիս, որ վաճառողների, տարածող կազմակերպությունների, պետական ձեռնարկությունների և վերը նշված համապատասխան թույլտվություն ունեցող անձանց տնօրինման ներքո կուտակված թմրամիջոցների և ափիոնի խաշխաշի քանակությունները գերազանցեն ձեռնարկության բնականոն գործունեության համար անհրաժեշտ քանակությունները` հաշվի առնելով շուկայում տիրող իրավիճակը, և
բ/ i) բժշկական դեղատոմսեր են պահանջում առանձին անձանց թմրամիջոցների առաքման կամ տրամադրման դեպքում. նշված պահանջը կարող է չվերաբերել այն թմրամիջոցներին, որոնք կարող են օրինական ձևով ստացվել, օգտագործվել, բաց թողնվել կամ նշանակվել առանձին անձանց կողմից` իրենց ըստ սահմանված կարգի թույլատրված բժշկական գործունեության իրականացման ժամանակ,
ii) եթե Կողմերն այդ միջոցներն անհրաժեշտ կամ ցանկալի են համարում, ապա նրանք պահանջում են, որ 1-ին ցանկում ընդգրկված թմրամիջոցների դեղատոմսերը դուրս գրվեն իրավասու պետական մարմինների կամ համապատասխան լիազորություններով օժտված մասնագիտական ասոցիացիաների կողմից թողարկվող պաշտոնական բլանկների վրա` կոճղերով գրքույկի տեսքով:
3. Ցանկալի է, որ Կողմերը պահանջեն նշել միջազգային չգրանցված անվանումը, որի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է թմրամիջոցների ձեռագիր կամ տպագիր առաջարկների, տարբեր տեսակի գովազդի, թմրամիջոցներին վերաբերող և առևտրային նպատակներով օգտագործվող գրականության միջոցով, թմրամիջոցներ պարունակող տուփերի ներքին փաթեթավորման վրա, ինչպես նաև այն պիտակների վրա, որոնց տակ թմրամիջոցները վաճառքի են հանվում:
4. Եթե որևէ Կողմ այդ միջոցը անհրաժեշտ կամ ցանկալի է համարում, նա պահանջում է, որ թմրամիջոց պարունակող տուփի ներքին փաթեթավորման կամ շապիկի վրա առկա լինի պարզ երևացող երկակի կարմիր գիծ: Թմրամիջոց պարունակող տուփի արտաքին փաթեթավորման վրա այդպիսի երկակի կարմիր գիծ չպետք է լինի:
5. Կողմերը պահանջում են, որ պիտակների վրա, որոնց տակ թմրամիջոցները վաճառքի են հանվում, նշվի թմրամիջոցների ճշգրիտ պարունակությունը` քաշի միավորով կամ տոկոսներով: Պիտակների վրա նման տվյալներ նշելու այս պահանջը կարող է չտարածվել բժշկի դեղատոմսի հիման վրա առանձին անձանց բաց թողնվող թմրամիջոցների վրա:
6. 2-րդ և 5-րդ կետերի դրույթները կարող են չկիրառվել 2-րդ ցանկում ընդգրկված թմրամիջոցների մանրածախ վաճառքի կամ դրանց մանրածախ տարածման նկատմամբ: