Հոդված 36
Հոդված 36
Պատիժների վերաբերյալ դրույթներ
1. ա/ Պահպանելով իր սահմանադրական սահմանափակումները, յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է միջոցներ, որոնք կապահովեն, որ Կոնվենցիայի դրույթներին հակառակ թմրամիջոցների մշակումը, արտադրությունը, պատրաստումը, առանձնացումը, պահպանումը, առաջարկը, առևտրային նպատակներով առաջարկը, տարածումը, գնումը, վաճառքը, ցանկացած պայմաններով առաքումը, միջնորդությունը, ուղարկումը, ուղարկումը տարանցիկ երթուղով, ներմուծումն ու արտահանումը և որևէ այլ գործողություն, որը, Կողմերի կարծիքով, կարող է սույն Կոնվենցիայի դրույթների խախտում հանդիսանալ, սահմանվեն որպես պատժելի արարքներ, եթե դրանք կատարվել են կանխամտածված և ապահովում է, որ լուրջ օրինախախտումները ենթակա լինեն համապատասխան պատիժների կիրառման, մասնավորապես` բանտարկության կամ ազատազրկման այլ միջոցի,
բ/ անկախ սույն հոդվածի «ա» ենթակետի դրույթներից, թմրամիջոցներ չարաշահող անձանց կողմից այդպիսի օրինախախտումներ գործելու դեպքում, Կողմերը կարող են դատապարտելու կամ պատժելու փոխարեն, կամ էլ ի լրումն դրանց նախատեսել, որ այդպիսի անձանց նկատմամբ, 38-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, կիրառվեն բուժման, վերադաստիարակման, հետբուժումային հսկողության, աշխատունակության վերականգնման և հասարակության մեջ վերաինտեգրացման միջոցներ:
2. Պահպանելով այս կամ այն Կողմի սահմանադրական սահմանափակումները և օրենսդրական դրույթները.
ա/
1/ եթե 1-ին կետին համապատասխան օրինախախտում կազմող փոխկապակցված արարքները կատարվել են տարբեր երկրներում, այդ արարքներից յուրաքանչյուրը դիտարկվում է որպես առանձին օրինախախտում,
2/ այդպիսի օրինախախտումներից որևէ մեկին կանխամտածված մասնակցությունը, օրինախախտում կատարելու համաձայնության գալը կամ կատարման փորձը, ինչպես նաև սույն հոդվածում նշված օրինախախտումների հետ կապված նախապատրաստական գործողությունները և ֆինանսական գործարքները հանդիսանում են պատժելի օրինախախտումներ` 1-ին կետով նախատեսված կարգով,
3/ այդպիսի օրինախախտումների համար օտարերկրյա դատական մարմինների կողմից կայացված դատավճիռները հաշվի են առնվում կրկնահանցագործության հայտնաբերման նպատակով,
4/ վերը նշված լուրջ օրինախախտումները, որոնք կատարվում են տվյալ երկրի քաղաքացիների կամ օտարերկրյա անձանց կողմից, ենթակա են այն Կողմի հետապնդման, որի տարածքում կատարվել է տվյալ օրինախախտումը կամ որի տարածքում է հայտնաբերվել խախտողը, եթե համապատասխան դիմումը ներկայացվում է այն Կողմին, որի օրենսդրության համաձայն արտահանձնումն անթույլատրելի է, և եթե տվյալ խախտողը դեռ չի ենթարկվել դատական հետապնդման և իր գործով դատավճիռը դեռ չի կայացվել,
բ/
1/ 1-ին կետում և 2-րդ կետի «ա-2» ենթակետում նշված օրինախախտումները համարվում են հանձնման մասին Կողմերի միջև գործող ցանկացած համաձայնագրում ներառման ենթակա` որպես հանձնում առաջ բերող օրինախախտում: Կողմերը պարտավորվում են ներառել միմյանց միջև կնքվող հանձնման մասին ցանկացած համաձայնագրի մեջ բոլոր այն օրինախախտումները, որոնք առաջ են բերում հանձնում,
2/ եթե Կողմերից որևէ մեկը, պայմանավորելով հանձնումը համապատասխան համաձայնագրի առկայությամբ, հանձնման դիմում է ստանում մեկ այլ Կողմից, որի հետ նա հանձնման մասին համաձայնագիր կնքած չունի, այն կարող է սույն Կոնվենցիան ընդունել որպես հանձնման համար բավարար իրավական հիմք 1-ին կետում և 2-րդ կետի «ա-2» ենթակետում նշված օրինախախտումների դեպքում: Հանձնումը կատարվում է այն Կողմի օրենսդրությամբ նախատեսված պայմաններով, որին ուղղված է հանձնման մասին դիմումը,
3/ այն Կողմերը, որոնք հանձնումը չեն պայմանավորում համապատասխան համաձայնագրի առկայությամբ, 1-ին կետում և 2-րդ կետի «ա-2» ենթակետում նշված օրինախախտումները միմյանց միջև ճանաչում են որպես օրինախախտումներ, որոնք կարող են առաջ բերել հանձնում, որը կատարվում է այն Կողմի օրենսդրությամբ նախատեսված պայմաններով, որին ուղղված է հանձնման մասին դիմումը,
4/ հանձնումը թույլատրվում է այն Կողմի օրենսդրությամբ, որին ուղղվում է համապատասխան դիմումը, և տվյալ Կողմը, անկախ սույն կետի «բ-1», 2-րդ և 3-րդ ենթակետերի դրույթներից, կարող է հրաժարվել կալանքի տակ վերցնելուց կամ հանձնումը թույլատրելուց, եթե իր իրավասու մարմինները համարում են, որ տվյալ օրինախախտումը բավականաչափ լուրջ օրինախախտում չի հանդիսանում:
3. Իրավազորության հետ կապված հարցերում համապատասխան Կողմի օրենսդրության դրույթները գերակայություն ունեն սույն հոդվածի դրույթների նկատմամբ:
4. Ոչինչ սույն հոդվածում չի հակասում այն սկզբունքին, որի համաձայն դրանում ընդգրկված օրինախախտումները սահմանվում, հետապնդվում և պատժի են ենթարկվում այս կամ այն Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան: