Հոդված 13
Հոդված 13.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ծառայության ժամանակ ղեկավարվում է օրենքների, զինվորական կանոնադրությունների պահանջներով և հրամանատարների հրամաններով:
Զինծառայողը պարտավոր է`
- հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել Հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները.
- խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, կատարել զինվորական կանոնադրությունների պահանջները.
- մշտապես տիրապետել ռազմական մասնագիտական գիտելիքներին, կատարելագործել սեփական իմացությունը և զինվորական վարպետությունը.
- իմանալ և գործադրման համար մշտապես պատրաստ պահել իրեն հանձնված սպառազինությունը և մարտական տեխնիկան, պահպանել պետական և ռազմական ունեցվածքը.
- լինել ազնիվ, կարգապահ և խիզախ զինվորական պարտքի կատարման ժամանակ, ցուցաբերել խելամիտ նախաձեռնություն.
- անվերապահորեն ենթարկվել հրամանատարներին (պետերին) և նրանց պաշտպանել մարտի ժամանակ, պաշտպանել զորամասի մարտական դրոշը.
- բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, չխնայելով կյանքը` ընկերներին փրկել վտանգից, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից.
- պահպանել զինվորական հարգանքի, վարքի և զինվորական ողջույնի կանոնները, մշտապես լինել համազգեստով` մաքուր և խնամքով հագնված.
- լինել աչալուրջ, խստորեն պահպանել պետական և ռազմական գաղտնիքը: