Հոդված 78
Հոդված 78.
Հրամանատարը (պետը) պարտավոր է միջոցներ ձեռնարկել անձնակազմին զոհվելուց, խեղվելուց զերծ պահելու համար, սահմանել անվտանգության ապահովման անհրաժեշտ պահանջներ, մարտական հերթապահության (մարտական ծառայության) ժամանակ սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ աշխատելիս, ռազմերթերի, զորավարժությունների անցկացման, մարտական հրաձգության (հրթիռարձակման), թռիչքների, հատուկ պարապմունքների և աշխատանքների անցկացման, պահակային և ներքին (հերթապահ) ծառայությունների ժամանակ անվտանգության այդ պահանջները վաղօրոք հասցնել ենթականերին և պահանջել դրանց խստագույն կատարումը:
Պարապմունքները, աշխատանքները և ծառայության այլ միջոցառումները սկսելուց առաջ հրամանատարը պարտավոր է անձամբ համոզվել, որ դրա համար ստեղծված և ապահովված են անվտանգ պայմաններ, ստորադրյալները յուրացրել են անվտանգության պահանջները և տիրապետում են դրանց իրականացման անհրաժեշտ գործնական հմտությունների:
Անձնակազմի զոհվելը և խեղվելը կանխելու ուղղությամբ հրամանատարի (պետի) ձեռնարկած միջոցները չպետք է հանգեցնեն մարտական առաջադրանքի կատարման ձախողման: