Հոդված 308
Հոդված 308.
Վաշտի հերթապահը պարտավոր է`
- տագնապի ազդարարման ժամանակ իրականացնել անձնակազմի վերկացը, ծանուցել վաշտի սպաներին, ենթասպաներին և պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին, մինչև նրանց վաշտ ժամանելը կատարել գնդի հերթապահի ցուցումները.
- հետևել վաշտում օրվա կանոնակարգի ճիշտ կատարմանը, սահմանված ժամերին կատարել անձնակազմի ընդհանուր վերկացը.
- գիտենալ վաշտի գտնվելու վայրը և նրան կանչելու կարգը, վաշտում մարդկանց առկայությունը, վերակարգում գտնվողների, հիվանդների, գնդի տեղակայման վայրից արձակվածների կամ խմբերի կազմում ուղարկվածների թիվը, ինչպես նաև զենքի առկայությունն ու ճշգրիտ ծախքը.
- զենքը, բացի ատրճանակներից, բաց թողնել միայն վաշտի հրամանատարի կամ ավագի հրամանով` այդ մասին գրառումներ կատարելով զենքի և զինամթերքի բացթողման գրքում (Հավելված 12), զենքի ընդունման ժամանակ ստուգել համարներն ու լրակազմը, մշտապես իր մոտ ունենալ և ոչ ոքի չփոխանցել զենքի պահասենյակի բանալիները.
- վաշտում որևէ պատահարի և վաշտի զինվորների կամ սերժանտների միջև փոխհարաբերությունների կանոնադրություններով սահմանված կանոնների խախտման դեպքում անհապաղ միջոցներ ձեռնարկել կարգուկանոնի հաստատման համար, այդ մասին անմիջապես զեկուցել գնդի հերթապահին և վաշտի հրամանատարին կամ նրա տեղակալին, իսկ վերջիններիս բացակայությամբ` վաշտի ավագին.
- հետևել վաշտի հրդեհամարիչ միջոցների և զենքի պահասենյակների պահպանման ազդանշանիչների առկայությանն ու սարքին վիճակին, վաշտում հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը (ծխելը թույլատրել միայն դրա համար հատկացված հատուկ տեղերում, համազգեստի չորացումը` միայն չորանոցներում, վառարանները վառելու և լամպերն օգտագործելու կանոնների կատարմանը).
- գնդի հերթապահի հրամանով փականքներով կողպել զորանոցի դռները, իսկ այցելուներին ներս թողնել ազդանշանիչի զանգով` նախապես ծանոթանալուց հետո.
- հրդեհի բռնկման դեպքում հրշեջ խումբ կանչել, միջոցներ ձեռնարկել այն մարելու համար և անհապաղ զեկուցել գնդի հերթապահին ու վաշտի հրամանատարին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել վտանգի ենթակա մարդկանց զենքը և ունեցվածքը շինություններից դուրս բերելու ուղղությամբ.
- ժամանակին փոխել օրապահներին, աշխատանքի նշանակված ստորաբաժանումներն ու տարբեր խմբերը վաշտի ավագի հրամանով ուղարկել աշխատանքի, բոլոր հիվանդներին և բուժքննության ենթակա անձանց ուղարկել բուժկետ.
- նշանակված ժամին շարել գնդի տեղակայման տարածքից արձակվողներին, այդ մասին զեկուցել վաշտի ավագին և նրա հրամանով դրանց ներկայացնել գնդի հերթապահին.
- ծառայողական գործերով վաշտի շինությունից դուրս գալիս, ինչպես նաև իր հանգստի ժամանակ իր պարտականությունների կատարումը հանձնարարել ազատ հերթափոխի օրապահներից մեկին.
- երեկոյան ստուգումից (անվանականչից) հետո վաշտի ավագից տեղեկություններ ստանալ բացակայողների մասին, իսկ ինքնակամ բացակայողների առկայության դեպքում ստանալ նրանց ազգանունները, անուններն ու հայրանունները և զեկուցել գնդի հերթապահին:
Օրինակ` «Պարոն կապիտան, առաջին տանկային վաշտում ստուգումն (անվանականչն) անցկացված է, բոլորը ներկա են, բացի արձակուրդում գտնվող երկու և վերակարգում գտնվող երեք հոգուց: Վաշտի հերթապահ սերժանտ Բաղդասարյան»:
- վերկացից հետո կապի տեխնիկական միջոցներով գնդի հերթապահին զեկուցել վաշտի անձնակազմի ներկայության (առկայության) և գիշերվա ընթացքում տեղի ունեցած պատահարների մասին, անհրաժեշտության դեպքում ներկայացնել արձակումից ուշացածների և ինքնակամ բացակայողների ցուցակները.
- հետևել վաշտի շինությունների խնամքով մաքրմանն ու պահպանմանը, դրանցում օդի սահմանված ջերմաստիճանի պահպանմանը, շինությունների լուսավորման կարգի պահպանմանը, ջեռուցմանը, օդափոխմանը, բակերում խմելու ջրի և լվացարաններում ջրի առկայությանը, ինչպես նաև վաշտին կցված տարածքի մաքրմանը.
- վաշտի անձնակազմի սնվելու ժամանակ ճաշարանում կարգուկանոն պահպանել, վաշտի ավագի ցուցումով ժամանակին հայտեր ներկայացնել ճաշարանի հերթապահին` կերակուր պահելու այն անձանց համար, ովքեր վերակարգում են գտնվում կամ բացակայում են ծառայողական այլ գործերով.
- ուղղակի պետերի` սկսած վաշտի հրամանատարից և ավելի բարձր, գնդի հերթապահի, ինչպես նաև տեսչական ստուգումներ անցկացնող անձանց` վաշտ ժամանելու դեպքում արձակել «Զգա´ստ» հրամանը, զեկույց տալ և ուղեկցել նրանց վաշտի տարածքում:
Օրինակ` «Պարոն մայոր, իմ հերթապահության ընթացքում պատահարներ չենք ունեցել (տեղի է ունեցել այս, այն): Վաշտը պարապում է հրաձգարանում: Վաշտի հերթապահ` սերժանտ Վարդանյան»:
Մյուս սպաներին, ենթասպաներին և վաշտի ավագին հերթապահը զեկույց չի տալիս, այլ միայն ներկայանում է:
Ուրիշ վաշտերի սպաների ժամանման դեպքում վաշտի հերթապահը ներկայանում է նրանց և ուղեկցում վաշտի հրամանատարի մոտ:
Եթե ժամանած հրամանատարին (պետին) դիմավորում է վաշտի հրամանատարը և զեկուցում նրան, վաշտի ներկա գտնվող հերթապահը զեկույց չի տալիս, այն միայն ներկայանում է:
(308-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-127-Ն, 14.04.11 ՀՕ-124-Ն)