Հոդված 111. Ինքնասպանության հակելը
Հոդված 111. Ինքնասպանության հակելը
Ինքնասպանության հակելը՝ հորդորելու, խաբեության կամ այլ միջոցով անձի մոտ ինքնասպանություն կատարելու վճռականություն հարուցելը, եթե անձն ինքնասպանությամբ կյանքին վերջ է տվել կամ ինքնասպանության փորձ է կատարել՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
⚖Հոդված 112. Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը
1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,
3) (կետն ուժը կորցրել է 09.06.04 ՀՕ-97-Ն),
4) առանձին դաժանությամբ,
5) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով,
6) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
7) շահադիտական դրդումներով,
8) ահաբեկչությամբ զուգորդված,
9) խուլիգանական դրդումներով,
10) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,
11) բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով զուգորդված,
12) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
13) տուժողի մարմնի մասերի կամ հյուսվածքների օգտագործման նպատակով,
14) անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: (112-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն)
⚖Հոդված 113. Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը
1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ՝
պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,
3) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
4) շահադիտական դրդումներով,
5) առանձին դաժանությամբ,
6) խուլիգանական դրդումներով,
7) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: