Հոդված 311.2. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելը
Հոդված 311.2. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելը
(վերնագիրը փոփ. 09.06.17 ՀՕ-102-Ն)
1. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելը` անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որը կատարվել է`
1) շորթմամբ,
2) խոշոր չափերով,
3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
4) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով`
պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
(311.2-րդ հոդվածը լրաց. 30.04.08 ՀՕ-49-Ն, փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն, լրաց. 09.02.12 ՀՕ-18-Ն, փոփ., լրաց. 09.06.17 ՀՕ-102-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-72-Ն)
⚖Հոդված 312. Կաշառք տալը
1. Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Կաշառք տալը, որը կատարվել է խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Կաշառք տալը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
4. Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը մինչև կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
(312-րդ հոդվածը փոփ., խմբ. 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ. 05.12.06 ՀՕ-256-Ն, լրաց. 09.02.12 ՀՕ-18-Ն, խմբ. 16.05.14 ՀՕ-14-Ն)