Հոդված 14. Քրեական օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձանց նկատմամբ
Հոդված 14. Քրեական օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձանց նկատմամբ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված է համարվում այն հանցանքը, որը՝
1) սկսվել, շարունակվել կամ ավարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքում.
2) հանցակցությամբ կատարվել է այն անձանց հետ, ովքեր հանցավոր գործունեություն են իրականացրել այլ պետության տարածքում:
3. Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների տարածքում անձի կողմից հանցանք կատարելու դեպքում նրա պատասխանատվությունը վրա է հասնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե անձը քրեական պատասխանատվության է կանչվել Հայաստանի Հանրապետության տարածքում, և եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
4. Հայաստանի Հանրապետության դրոշի տակ գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող նավի կամ թռիչքում գտնվող օդանավի կամ օդային այլ սարքի վրա հանցանք կատարած անձը, անկախ դրա գտնվելու վայրից, ենթակա է քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատասխանատվություն է կրում նաև այն անձը, ով հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության ռազմական նավի կամ օդանավի վրա՝ անկախ դրա գտնվելու վայրից:
5. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների և դիվանագիտական իմունիտետից օգտվող այլ անձանց քրեական պատասխանատվության հարցը՝ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարելու դեպքում լուծվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: (14-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն)
⚖Հոդված 15. Քրեական օրենքների գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած անձանց նկատմամբ
1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը ճանաչված է հանցագործություն դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, և եթե նրանք չեն դատապարտվել այլ պետությունում: Նշված անձանց դատապարտելիս պատիժը չի կարող գերազանցել օտարերկրյա այն պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը, որի տարածքում կատարվել է հանցանքը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և քաղաքացիություն չունեցող անձինք սույն օրենսգրքի 190-րդ, 200-րդ, 201-րդ, 311-313-րդ, 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցանքները կատարելու համար ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով՝ անկախ հանցանքը կատարելու վայրի պետության քրեական օրենսգրքով այդ արարքը նախատեսված լինելուց կամ չլինելուց:
3. Օտարերկրյա քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր հանցանքը կատարել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանք կատարել են՝
1) այնպիսի հանցագործություններ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով.
2) այնպիսի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության շահերի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և ազատությունների դեմ:
4. Սույն հոդվածի երրորդ մասում սահմանված նորմերը կիրառվում են, եթե օտարերկրյա քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք տվյալ հանցագործության համար չեն դատապարտվել մեկ այլ պետությունում և քրեական պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության տարածքում:
(15-րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-18-Ն)